211652_close_icon
views-count2236 դիտում article-date 11:30 08-02-2025

Պատկան մարմինների անգործության պատճառով Երևանում նոր կառուցվող ճանապարհն արդեն ստացել է «սև թուղթ» անունը. վերջին դեպքի հետևանքով մահացավ երիտասարդ տղան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Այն, որ հանրապետությունում,  այդ թվում՝ մայրաքաղաքում վերջին տարիներին բազմաթիվ ավտոճանապարհներ են կառուցվել ու բազմաթիվ ճանապարհներ վերակառուցվել են, ակնհայտ է։ Երևանում անգամ կառուցվել են նոր ճանապարհներ, ասֆալտապատվել են բակային այնպիսի հատվածներ, որտեղ վերջին անգամ ասֆալտապատում իրականացվել էր սովետական տարիներին։

Վերջին տարիներին Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը աշխատանքներ են իրականացրել ու իրականացնում, որպեսզի նոր կառուցվող ճանապարհների շնորհիվ մայրաքաղաքում երթևեկությունը չվերածվի «աջաբսանդալի»։

Նոր կառուցվող ճանապարհներից է համարվում «Հյուսիս-հարավ» ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի խաչմերուկ տանող հատվածը։

Ցավոք, այդ ճանապարհին զուգահեռ կառուցվել է ևս մեկ այլ ճանապարհ, որն ամբողջությամբ ասֆալտապատվել է, բաժանարար գոտում տեղադրվել են բետոնե արգելապատնեշներ ու արտաքին լուսավորման էլեկտրասյուներ։

Սակայն, չգիտես ինչու, արդեն երկար ու ձիգ տարիներ է թե՛ Կառավարությունը, թե՛ Երևանի քաղաքապետարանը չեն կարողանում հաշտության եզրեր գտնել այդ ճանապարհի մի հատվածում սեփականության իրավունք ունեցող մի քաղաքացու հետ։

Մինչդեռ Կառավարության ու Երևանի քաղաքապետարանի դանդաղաշարժության արդյունքում այդ ճանապարհը, որը դեռևս չշահագործվող է, շատ վարորդների համար արդեն դարձել է մի իսկական պատուհաս։

Հարավարևմտյան թաղամասի կողմից որոշ կամակոր վարորդներ, անտեսելով անվտանգության կանոնները, ավտոմեքենաները վարում են հանդիպակաց ու վթարային իրավիճակ ստեղծում մյուս վարորդների համար։ Եղել են անգամ դեպքեր, որ այդ հատվածում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում, ցավոք, ողբերգական։

Վերջին դեպքը տեղի է ունեցել փետրվարի 5-ին, երբ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 2 հոգու կայանքի համար պայքարում են բժիշկները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հաճախակի անակնկալ ծառայություն են կատարում այդ հատվածում, որտեղ էլ վարչական պատասխանատվության են ենթարկում օրինախախտ վարորդներին, ովքեր երթևեկում են այդ չշահագործվող ճանապարհով։ Իսկ երբեմն էլ օրինախախտ վարորդները, ինչպես ժողովուրդն է ասում, մտնում են այդ հատված, սակայն տեսնելով պարեկներին՝ «ֆռում ու ծլկում են»։

Հիմա արդեն Կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը պետք է լուրջ հետևություններ անեն ու կարճ ժամանակում ավտոռալի հիշեցնող այդ ճանապարհն ամբողջությամբ հանձնեն շահագործման, անհրաժեշտության դեպքում էլ, ինչը խիստ անհրաժեշտ է, տեղադրվի արագաչափ, որն օրինախախտ վարորդների խախտումները կարձանագրի երկկողմանի։ Հակառակ դեպքում, եթե պատկան մարմինները միջոցներ չձեռնարկեն, ապա այս ճանապարհը կդառնա մահվան ճանապարհ, ինչքան էլ պարեկները տուգանեն օրինախախտներին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին խոշոր ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին, սակայն դեռևս չշահագործվող հատվածում, ճակատ ճակատի բախվել էին «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։  

Բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել էին «Աստղիկ» բժկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Նարեկ Սիմոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր