211652_close_icon
views-count35539 դիտում article-date 11:22 09-11-2022

Քեզ բացակա չենք դնի. Երևանում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գրիգորի Տաշչյանի հիշատակին նվիրված հուշակոթող-խաչքար, հուշաղբյուր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա-1 թաղամասի Շերամի 111 շենքի բակում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում 42 օր հերոսաբար մարտնչած, նոյեմբերի 8-ին Արցախի բերդաքաղաք Շուշիի պաշտպանության թեժ մարտերում զոհված, լեգենդ դարձած հերոս, նույն թաղամասի բնակիչ Գրիգորի Տաշչյանի հարազատները, ընկերները՝ այդ թվում՝ մարտական, հերոսածին մայրեր, հյուրեր՝ ոչ միայն մայրաքաղաքից ու Հայաստանի մարզերից, այլ նաև Արցախից, ԱՊՀ երկրներից, հասարակական գործիչներ, ներկայացուցիչներ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շենքի բակում հերոսի անունով բացվեց հուշակոթող-խաչքար, հուշաղբյուր։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, որից հետո հոգևոր հովվի կողմից օծվեց խաչքարը։

Ներկաներն այնուհետև ծաղիկներ խոնարհեցին, ապա ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու, խնկարկում կատարելու հերոսի շիրիմին։

Հուզիչ էր մտավորական Աիդա Ավդալյանի խոսքը, ինչպես նաև նրա գրած բանաստեղծությունը՝ նվիրած 18-ամյա հերոսին. 

«ՄԵՐ ԲԱԿԻ ՀԵՐՈՍ ԳՐԻԳՈՐԻՆ
Առյուծ ծնվում են, առյուծ չեն դառնում,
Հայոց մայրե՛րն են առյուծներ ծնում:
Ազգի սերուցքն էր կռվի դաշտերում,
Ուր գիշեր ու զօր արկերն էին պայթում:
Շնագայլերի ոհմակն էր ոռնում
Հայոց աշխարհում՝ իր վարձկաններով,
Նրանց դեմ ելան մեր զավակները՝
Առյուծի սրտով, հաղթելու ոգով:

Սիրելի Գրիգոր, սիրով, հավատով,
Սրբի անունով էին քեզ կոչել,
Դու կրկնում էիր համեստ,
Հարգալից պապիդ անունը,
Դու դեռ պատանի, զոհաբերվեցիր
Թանկ կյանքդ Հայոց մայր հողին,
Եվ հայ պատմության լուսե էջերում
Անունդ փառքով սրբագրեցիր:

Փա՛ռք քեզ, մեր սուրբ Գրիգոր, հավե՛րժ փառք,
Ցավդ ՝ մեր սրտում, անունդ՝ հավերժի մեջ,
Վառ Ասուպ ինչպես սլացար երկինք,
Քո չապրած կյանքը երկնքում կապրի,
Երկնքից հսկի գալիք սխրանքները,
Որ հոգիդ խաղաղ ու թեթև ապրի»:

***

Գրիգորի Հրաչի Տաշչյանը ծնվել է ՌԴ Վոլգոգրադ քաղաքում, 2002թ. փետրվարի 22-ին։ Մեկ տարեկանը չլրացած՝ ծնողների հետ վերադարձել է Հայաստան։ Հաճախել է մանկապարտեզ։ Սովորել է Ս. Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել թիվ 174 հիմն. դպրոցում։

Փոքր տարիքում զբաղվել է ֆուտբոլով՝ «Բանանցի»թիմում։ Շատ լավ հարձակվող է եղել, ծունկը վնասելուց հետո թողել է ֆուտբոլը, բայց քանի որ իր սիրած սպորտաձևն էր, սիրելի ու հարազատ բակում (կանաչ դաշտում ) ամեն օր ֆուտբոլ էր խաղում։

Դպրոցն ավարտելուց հետո, չնայած իրեն չէին կանչել զինկոմից, լինելով ՌԴ֊ ում ծնված՝ նա 2020թ. օգոստոսի 2֊ին ինքնակամ ներկայացավ և ցանկություն հայտնեց ծառայել Հայաստանում։

2020 թ. օգոստոսի 27-ին Գրիգորին զորակոչվեց ծառայության՝ Արցախ։ Սկզբում կարանտինը անցկացրել է Ասկերանում։ Իսկ սեպտեմբերի 5-ին տվեց իիր զինվորական երդումը։ Սեպտեմբերի 15-ին Գրիգորիին տեղափոխեցին Հադրութ, որտեղ պետք է անցներ ողջ ծառայությունը։

Նա հաճախ էր զանգում տուն, զրուցում մոր և քույրերի հետ, պատմում օրվա մասին, իսկ մայրը հպարտանում էր իր զինվորով։

Սեպտեմբերի 26-ի երեկոյան անվանականչից առաջ խոսեց մոր հետ և ասաց, որ առավոտյան իրենց տանելու են անտառ՝ կրակայինի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07։15-ին լսվեցին արկերի պայթյունները, և սկսվեց այդ չարաբաստիկ պատերազմը։

Մոր սիրտը տագնապում էր 3 օր որդուց լուր չունենալու պատճառով։ Վերջապես Գրիգորին զանգեց և ասաց, որ իր հետ ամեն ինչ լավ է, իբր նորակոչիկները չեն կռվում և թաքստոցներում են։ Ողջ պատերազմի ընթացքում զանգում ու մորը հանգստացնում էր, իբր չի կռվում, բայց արի ու տես, թե ինչերի միջով է անցել Գրիգորին 42 օր թշնամու հետ կռիվ տալով։
18 տարեկան տղաները հենց սկզբից կռվել են, որովհետև պատերազմ էր։ Ասում են՝ 4-րդ օրը Հադրութն արդեն հանձնել են թուրքին։ Իսկ տղաները, չիմանալով այդ մասին, շարունակել են կռիվը։

Գրիգորին իր 18֊19 տարեկան զինակից ընկերների հետ կարողացել է նույնիսկ թշնամու տանկեր խոցել։ Հրամանատար Դավիթի զոհվելուց հետո զինվորներին հետնահանջ են տալիս։ Բայց նրանք շարունակում են պայքարը, կռիվ են տալիս Հադրութի անտառներում մինչև հոկտեմբերի վերջերը (պատմել են Գրիգորի հետ մարտնչած զինվորները)։

Հադրութից զինվորներին տեղափոխում են Մարտունու ինչ-որ գյուղ, Խնձրստան, հետո՝ Ասկերան՝ ինչ-որ դպրոց, իսկ վերջում տղաներին ասում են՝ իբր տանում են Ստեփանակերտ, իսկ այնտեղից կտանեն Հայաստան, բայց տանում են Շուշի։

Նոյեմբերի 5-ի առավոտյան Գրիգորին զանգում է ու շնորհավորում մայրիկի տարեդարձը և կրկին անգամ հերքում, որ իրենք էլ են կռվում, ասում է. «Մերս, ամեն ինչ նորմալ ա, ես լավ եմ, չանհանգստանաս, երբ գամ, էնքա՜ն բան եմ պատմելու քեզ»։

Վերջին զանգը Գրիգորիից եղել է նոյեմբերի 6-ի երեկոյան. «Մերս, չնեղվես, սաղ տոչնի ա, ես լավ եմ։ Դու գիտես, չէ՞, քո տղեն հերոս ա»։

Մայրը, չնայած, որ այդ պահին արցունքները հոսում էին աչքերից, թաքցնելով հուզմունքը, պատասխանում է որդուն. «Հա՛, տղես, դու ի՛մ հերոսն ես, դուք բոլորդ մեր հերոսներն եք, բայց զգույշ եղեք»։

Ցավո՜ք, այսքան սարսափելի պայքարից հետո դժոխքի միջով անցնելուց հետո նոյեմբերի 7-ին Գրիգորին մահացու վիրավորվում է թշնամու արկից և իր կյանքը զոհում հանուն մեզ, հանուն մեր հայրենիքի ու հայ ազգի։

Հերոսացած զինվորներին դուրս են բերում Շուշիից նոյեմբերի 15֊ ին։

Տաշչյան Գրիգորին հուղարկավորվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն- արիության» մեդալով, «Մոնթե Մելքոնյան» շքանշանով։

Հավերժ փա՛ռք բոլոր նահատակված հերոսներին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր