211652_close_icon
views-count26551 դիտում article-date 11:22 03-04-2022

Քեզ բացակա չենք դնի. Աէրացիայում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արտյոմ Մկրտչյանի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի 6-րդ շենքի բակում  տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Արտյոմ Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշաքար-խաչքարի բացման արարողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, բարեկամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր մարզերից և Արցախից:

Մինչև խաչքարի բացումը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 3 պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը, որից հետո հերոսի եղբայրն ու նրա անունը կրող զարմիկը խաչքարի վրայից իջեցրեցին սպիտակ սավանը:

Հոգևոր հովվի կողմից խաչքարը օծելուց հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա  կենդանի երգ-երաժշտությամբ ու  իրենց ասմունքով հանդես եկան ներկաներից մի քանիսը:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում բակում հավաքվածներն ասում էին. «Այս բակում է իր մանկությունն անցկացրել մեր հերոսը, մեր լեգենդը, մեր ամեն ինչը: Այստեղից էլ բանակ է ճանապարհվել ու այստեղ էլ պետք է դիմավորեինք, երբ նա զորացրվեր: Ավաղ, թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ պայքարում Արցախում Արտյոմը նույնպես նահատակվեց:

Պատերազմի առաջին իսկ օրվանից Մեղրիից տեղափոխվել էր Արցախ: Կենացմահու պայքար է տարել Ջաբրայիլում, որտեղ էլ իր նման 20 առյուծ տղերքին առաջնորդել է կռվում ու զոհվել:

Զորամասում ծաղիկ էր աճեցնում, որ ծառայությունն ավարտելուց հետո տուն բերի՝ մայրիկի համար. ծաղիկը ավելի շուտ հասավ:

19-ամյա Արտյոմ Մկրտչյանը զինծառայող էր, երբ հոկտեմբերի 2-ին նա իր ծառայակից շատ ընկերների հետ ներգրավվեց պատերազմական գործողություններին Ջաբրայիլում:

«Արտյոմը շատ հումորով էր, ընկերասեր ու բնավորությամբ առաջնորդ էր: Իր հետի տղաներից մեկը պատմել է, որ ամբողջ ճանապարհին Արտյոմը հումորներ է արել, դուխ տվել ընկերներին: Մարտական այնպիսի ոգի ուներ, կարծես թե ամբողջ կյանքը պատերազմում էր անցել:

Երբ հասել են Ջաբրայիլ, դիրքեր պետք է բարձրանային, հարցրել են՝ ով կգնա, Արտյոմն առաջինն է մեքենա բարձրացել: Ասել է՝ հանգիստ եղեք, գնում եմ Ալիևի վարսավիրը մազերս կտրի, հետ գամ»,-  պատմեց Արտյոմի զարմուհին՝ Ալվարդը:

Հոկտեմբերի 6-ին տնեցիները Արտյոմի հետ վերջին անգամ են խոսել, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, նրա մահվան լուրն են ընկերները հայտնել ռազմաճակատից, մահը վրա է հասել արկի պայթյունից:

Արտյոմ Տիգրանի Մկրտչյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 19-ին: Սովորել է թ. 169 միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել է հ. 6 արհեստագործական ուսումնարան։

Մշտապես զբաղվել է սպորտով` ֆուտբոլով և բռնցքամարտով, ունեցել է բազմաթիվ հաջողություններ և հաղթանակներ, արժանացել է առաջին կարգի մեդալների։

Ծառայության է անցել 2019 թվականին` Մեղրիի զորամասում։ 44-օրյա պատերազմի օրերին եղել է առաջնագծում։ Մշտապես լինելով առաջատար, առաջինն է նստել մեքենան` իր զինակից ընկերներին ռազմի դաշտում օգնություն ցուցաբերելու նպատակով։

Հոկտեմբերի 7-ին հերոսաբար ընկել է պատերազմի դաշտում հանուն հայրենիքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 632+
632+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր