211652_close_icon
views-count1417 դիտում article-date 22:00 14-11-2022

ԱԳ նախարարի տեղակալը Կիպրոսի դեսպանին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպան Յորգալիսին նշանակման կապակցությամբ՝ փոխնախարար Հովհաննիսյանը գերազանց է գնահատել հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ կապերի վրա։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Յորգալիսը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու և առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր