211652_close_icon
views-count605 դիտում article-date 13:10 15-11-2022

Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցչի հերթական ատեստավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերի նախագիծը:

ԿԳՄՍՆ-ն հայտնում է, որ ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:

Ուսուցչի ատեստավորման ամբողջական շրջափուլը հինգ տարի է, որը բաղկացած է յուրաքանչյուր տարվա վերապատրաստման բաղադրիչների նվազագույն չափաքանակից:  Ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

Ուսուցչի ատեստավորումն իրականացվում է ՀՀ մարզերում, Երևան քաղաքում, նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար` նախարարությունում, փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման ենթակա ուսուցչին հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է փաստաթղթային ատեստավորման, կարգի և անցկացման ժամկետի մասին:

Յուրաքանչյուր ուսուցչի վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով, ձայների մեծամասնությամբ, ընդունում է օրենքով սահմանված որոշումներից մեկը: Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման ընդունմանը։

Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով` նախարարություն կամ դատական կարգով:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովները

Ատեստավորման հանձնաժողովների գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ատեստավորում իրականացնելն է։ Ատեստավորման հանձնաժողովները երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմիններ են: Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից:

Ատեստավորման հանձնաժողովները ձևավորվում են նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի առաջարկության հիման վրա:

Ատեստավորման հանձնաժողովների կազմում կարող են լինել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներ, լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, Երևանի քաղաքապետի ներկայացնելու դեպքում՝ համապատասխան վարչական շրջանի և նախարարության աշխատողները։

Ատեստավորման հանձնաժողովների անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող մարմինների կամ կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ, իսկ անհատների դեպքում՝ իրենց դիմումով։

Նմանատիպ նյութեր