211652_close_icon
views-count960 դիտում article-date 22:50 15-11-2022

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Կիպրոս Յորգալիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր