211652_close_icon
views-count992 դիտում article-date 18:55 16-11-2022

Փորձում ենք օրենսդրական նախադրյալներ ստեղծել ազգային փոքրամասնությունների` ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում. Ռուստամ Բաքոյանը նախաձեռնել է աշխատանքային քննարկում

Առաջարկությունս վերաբերում է 1995 թ. առաջ մեր երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ, հնարավորություն տրվի պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչն օրենսդրորեն վերապահված է միայն ազգությամբ հայերին: Իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Նոյեմբերի 16-ին քննարկվել է «ՀՀ-ում ծնված ազգությամբ եզդիներին պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու մասին» հարցը:

Քննարկմանը մասնակցել եւ դիտարկումներ են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Կնյազ Հասանովը, Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, Կառավարության, ԱԱԾ-ի, ՄԻՊ-ի, Ոստիկանության, Միգրացիոն ծառայության, եզդի համայնքի ներկայացուցիչներ:

««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններով փորձում ենք օրենսդրական նախադրյալներ ստեղծել ազգային փոքրամասնությունների` ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Ըստ նրա` «ազգային փոքրամասնություն» հասկացությունը պետք է սահմանվի օրենքով, ինչը հնարավորություն կտա համակողմանի կարգավորել ոլորտը:

Արմեն Խաչատրյանն առաջարկել է բարեփոխել ներկայացված օրենքի նախագծի նախնական տարբերակը: Կնյազ Հասանովը շեշտադրել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի ընդունման ահրաժեշտությունը: Ալեքսեյ Սանդիկովն առաջարկել է Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը` «վերջին մարդահամարի տվյալներով մշտական բնակություն ունեցող քաղաքացիների մասին», ներառել օրենսդրական նախաձեռնությանում:

Հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն առաջիկայում:

Նմանատիպ նյութեր