211652_close_icon
views-count741 դիտում article-date 14:25 17-11-2022

«Որ մի դեպք լինի, բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը». Երևանում վթարային շենքերի նոր ծրագիր կա

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վթարային շենքերի խնդրի լուծման նոր ծրագիր. կառուցապատողները կներգրավվեն գործընթացում և առկա վթարային շենքերի տեղերում այլ շենքեր կկառուցվեն` ընթացքում լուծելով վարձակալության, այնուհետև բնակարան տրամադրելու հարցերը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Երևանում 4-րդ կարգի 13 վթարային շենք կա։

«3-րդ կարգի վթարային շենքերի համար կանցնենք կոմպլեքս լուծմանը` թաղամասային տրամաբանությանը»,- ասաց Ավինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնեց` պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացիների իրավունքները լիարժեք պահպանվեն, նրանք բնակարան ստանան նորակառույց շենքում։ Վարչապետի խոսքով` 4-րդ կարգի վթարային շենքերում մարդիկ են ապրում, ինչը մեծ սպառնալիք է բոլորի համար։

«Աստված չանի, մի դեպք լինի` բոլորը կասեն` ո՞ւր էր նայում կառավարությունը։ Մարդկանց իրավունքները պաշտպանելով` որոշակի հարկադրանքի մեխանիզմներ էլ պետք է ստեղծենք։ Այս հարցերը պետք է արագ լուծվեն. մարդկանց ապրելու իրավունքը լուծվե՞ց` շենքը ժամերի ընթացքում պիտի տեղում չլինի»,- ասաց նա։

Նշենք, որ այսօր կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 10 և 17 հասցեների շենքերը 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ ճանաչելու նախագծին։ Այդ շենքերը կքանդվեն, տեղում նորերը կառուցվեն։

Նմանատիպ նյութեր