211652_close_icon
views-count1546 դիտում article-date 18:39 18-11-2022

Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի հանցավոր արարքները նոր թափ են ստացել. ԱՀ դատախազություն

Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մարդկանց կյանքի «բնականոն» ընթացքը խաթարելու նպատակով:

Արցախի դատախազության հաղորդագրության մեջ նշվում է. «Հրաձգային տարբեր զինատեսակներից թիրախային կրակոցներ են արձակվում շփման գծին հարակից գյուղատնտեսական նշանակության հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասում են գյուղտեխնիկան, հարկադրում դադարեցնել հողի մշակման կամ բերքահավաքի հետ կապված աշխատանքները: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ զինված ադրբեջանցի զինվորականները մոտեցել են այգում աշխատող Արցախի քաղաքացիներին և զենքի գործադրման սպառնալիքով պահանջել դադարեցնել աշխատանքներն ու լքել այն:

Այսօր ադրբեջանական կողմը կրկին հրաձգային տարբեր զինատեսակներից կրակ է բացել այս անգամ Մարտունու շրջանի Հացի գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, վնասել տրակտորը, իսկ Թաղավարդի հատվածում միացվել է կրոնական ու ծիսական բնույթի բարձր երաժշտություն: Թվարկված բոլոր հանցավոր դեպքերն արձանագրվում և փաստագրվում են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով:

Արցախի Հանրապետության դատախազության կողմից նշված դեպքերի մասին անմիջապես հաղորդվում է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի դատախազին, յուրաքանչյուր դեպքում կոչ է արվում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետությունների գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը և պատշաճ քննություն իրականացնել՝ նման արարք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այդ հորդորները մշտապես մնում են անարձագանք:

Արցախի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կատարվող հանցավոր ոտնձգությունները ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված լինելը հերքելու համար Ադրբեջանը առնվազն պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նման արարքներ կատարած անձանց, սակայն այս ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկվում, այլև բացահայտ ու դիտավորյալ անգործությամբ խրախուսվում են հայատյացությունն ու դրա արտահայտման դրսևորումները:

Նմանատիպ նյութեր