211652_close_icon
views-count1720 դիտում article-date 14:56 29-11-2022

Ռուբեն Մելքոնյան, Մհեր Սահակյան, Սայաթ Շիրինյան․ մանդատները վերցնելու վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն «Հայաստան» դաշինքի ցուցակի թեկնածուները․ Tert.am

Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը վայր են դնում պատգամավորական մանդատները․ «Վերածնվող Հայաստան» դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Այս մասին կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ։ Գրում է Tert.am-ը։

Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի, վերջերս պատգամավորական մանդատից հրաժարված Արամ Վարդևանյանին կփոխարինի Ռիմա Ղազարյանը, իսկ այսօր մանդատները վայր դրած պատգամավորներին փոխարինելու են հետևյալ անձինք․

37. Ռուբեն Մելքոնյան
38. Մհեր Սահակյան
39. Մարիա Պետրոսյան
40.Սայաթ Շիրինյան

Քանի որ Մարիա Պետրոսյանը Վահե Հակոբյանի կնոջ քույրն է, իսկ «Վերածնվող Հայաստանը» հայտարարել է, որ կուսակցության այն անդամները, որոնք ներկայացված են դաշինքի նախընտրական ցուցակում, պատգամավորական մանդատի ստացման հերթը հասնելու պարագայում ազատ են որոշում կայացնելու՝ վերցնել մանդատը, թե ոչ, սակայն մանդատ վերցնելու որոշում կայացնելու դեպքում տվյալ անձինք պետք է լքեն կուսակցության շարքերը, ապա հավանաբար նա չի վերցնի մանդատը։ Մարիա Պետրոսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Այսինքն, երեք անձինք, ովքեր, ըստ ցուցակի, կարող են վերցնել պատգամավորների մանդատները  ԵՊՀ արևելագիտություն ամբիոնի վարիչ Ռուբեն Մելքոնյանն է, ՀՅԴ-ական  Մհեր Սահակյանը և ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

 Ռուբեն Մելքոնյանը Tert.am-ի հետ զրույցում՝ պատգամավորի մանդատը վերցնելու հարցին ի պատասխան, ասաց․ «Երբ իրավական կարգավորումները սկսվեն, և հերթը պաշտոնապես հասնի ինձ, այդ ժամանակ կմեկնաբանեմ՝ կվերցնե՞մ պատգամավորական մանդատը, թե՞ ոչ։ Երբ գա ժամանակը, հանդես կգամ հայտարարությամբ»։

Սայաթ Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում նույն հարցին ի պատասխան ասաց․ «Այժմ Հայաստանում չեմ, կգամ՝ կմեկնաբանեմ»։

Մհեր Սահակյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց․ «Քաղաքում չեմ, դեռ ընկերներիս հետ չեմ քննարկել այդ հարցը, դիրքորոշում չունեմ»։

Նմանատիպ նյութեր