211652_close_icon
views-count107317 դիտում article-date 10:50 16-12-2022

Կրակոցներ Երևանի կենտրոնում․ պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են կռվի 4 մասնակցի, այդ թվում՝ ատրճանակով զինված կրակոցներ արձակողին․ դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, գնդակ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 33/1 շենքի բակում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը կփոխանցեին ոստիկանության Կենտրոնական բաժին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ թվով 10 հոգի նշված փողոցում վիճաբանում են, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։ 

Նույն պահին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայրին դալանի կողմից, իսկ նույն վաշտի պարեկներ Կարապետ Գևորգյանը, Հայկ Հովսեփյանն ու Ռաֆիկ Պողոսյանը մեկ այլ վայրից են մոտենում նշված հասցե, որտեղ էլ նկատում են, որ մի խումբ անձինք վազում են, իսկ նրանց հետևից մի քաղաքացի ատրճանակով զինված, կրակոցներ օդ արձակելով, հետապնդում է նրանց։

Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, մոտենում են այդ քաղաքացուն և հրահանգում, որպեսզի նա ցած դնի ատրճանակը և ներկայանա իրավապահներին։ Այդ քաղաքացին տեսնելով, որ չի կարող այլևս ճողոպրել, զենքը ցած է դնում, որից հետո պարեկները նրան և ևս 3 հոգու կարողանում են բռնել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոնյանը։

Պարեկները սահմանազատում են նշված տարածքը, որտեղ էլ հայտնաբերվում են «Բերետա» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով, կրակված 1 հատ գնդակ, 4 հատ պարկուճ։

Կենտրոնի ոստիկանները հայտնաբերում են նաև նշված շենքի 4-րդ հարկի եվրոպատուհանի վրա կրակոցի հետք, բնակարանում էլ հայտնաբերվում է կրակված գնդակը։

Ահազանգով ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի խումբը՝ բաժնի պետ Նորայր Հարությունյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Փարպեցի փողոցի 26 շենքի բակում, որն այնուհետև շարունակվել է Մաշտոցի պողոտայի նշված հասցեում։ Ու պարեկների կողմից ոստիկանություն տեղափոխված անձինք Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Դավիթ Չ․-ն է, 17-ամյա Տիգրան Չ․-ն է, 35-ամյա Վահան Գ․-ն է և 38-ամյա Սիմոն Հ-ն։

Դեպքի փաստով՝ խուլիգանություն հատկանիշներով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործության գործիք-ատրճանակը Դավիթ Չ․-ին է պարգևատրել Արցախի Հանրապետության նախագահը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր