211652_close_icon
views-count41072 դիտում article-date 18:37 06-10-2023

Կրակոցներ Ապարանում հայտնի «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց. կա վիրավոր. ատրճանակով զինված քաղաքացուն պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են վնասազերծել. ժամանել է Ապարանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի, դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի, պարեկներ Սարգիս Շահնազարյանի և Կարեն Մադաթյանի գլխավորությամբ Ապարան քաղաքում՝ «Գնթունիկ» սուպերմարկետի դիմաց, վնասազերծել են կրակոցներ արձակած քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նկատել են, որ «Գնթունիկ»-ի մոտ վիճաբանություն է տեղի ունենում և մոտենալով դեպքի վայր, տեսել են, որ մի քաղաքացի զինված է ատրճանակով, իսկ դեպքի վայրում էլ քաղաքացիները պարեկներին հայտնել են, որ այդ քաղաքացին կրակոցներ է արձակել տաքսիստ Ազատի ուղղությամբ։

Առանց հապաղելու վաշտի և դասակի հրամանատարները պարեկների հետ կարողացել են ճիշտ ու գրագետ՝ պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել կրակողի, ապա դեպքի վայր ժամանած Ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ, նրան տեղափոխել են ոստիկանության Ապարանի բաժին։ 

 Արդեն տեղում Ռ. Պողոսյանի հանձնարարականով տուժածը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նրա թիկունքի հատվածում կա կրակոցի 3 հետք։ Այս պահին վիրավորը գտնվում է Ապարանի բժիշկների հսկողության տակ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է հանցագործության գործիք ատրճանակը։

Տեղում SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Թե՛ կրակողը, թե՛ վիրավորը իրենց ավտոմեքենաները շահագործում են որպես տաքսի։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրար հետ, որից հետո Գագոն իր մոտ եղած ատրճանակով կրակեց Ազատի ուղղությամբ։ Մի երեք կրակոցի ձայն ենք լսել, բայց զարմացանք, որ պարեկները ոնց վայրկյանական հասան ու կրակողին փռեցին ասֆալտին ու արդեն Ապարանի միլիպետը, Ապարանի ոստիկանապետի հետ եկան ու Գագոյին տարան»։

 Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Ազատ Տոնոյանն է, իսկ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Գագիկ Մկրտչյանը։


Տարածքը ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ սահմանազատվել է, իսկ պարեկներին էլ ուժեղացված ծառայություն են կատարում և դեպքի վայրից հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր