211652_close_icon
views-count1242 դիտում article-date 14:39 16-12-2022

Հայաստանի ՀԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ-ին, ԵՄ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ ս․թ․ դեկտեմբերի 15-ին հրատապ գործողությունների կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի Խորհրդին և Եվրամիության կառույցներին՝  Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման հետևանքով Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Հումանիտար ճգնաժամի մասին ահազանգող նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից նշանակված  սննդի իրավունքի, ջրի իրավունքի, առողջության իրավունքի, կրթության իրավունքի և զարգացման իրավունքի գծով  հատուկ զեկուցողներին, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրամիության կառույցներին։

Նամակներում, որոնք պատրաստել և ներկայացրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, Ժուռնալիսնտների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, մասնավորապես, ասվում է․

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը, իսկ այնուհետև Ղարաբաղը բնական գազով մատակարարող խողովակի փակումն Ադրբեջանի կառավարության կողմից համակարգված քայլեր են՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելու և հայերի՝ իրենց իսկ հողում ապրելն անհնար դարձնելու համար։ Սա Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ իրավիճակի հերթական զարգացումն է, իրավիճակ, որը բավարար չափով չի դատապարտվել միջազգային կառույցների կողմից՝ Բաքվի վարչակարգին քաջալերելով Լեռնային Ղարաբաղում իրականացնելու էթնիկ զտումների իր ցեղասպան քաղաքականությունը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը նախաձեռնել է այս շրջափակումը` վտանգելու Լեռնային Ղարաբաղում ապրող շուրջ 120 հազար հայերի կյանքը»,- ասված է հայաստանյան կազմակերպությունների նամակներում։

Կազմակերպությունները մանրամասն նկարագրել են Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը՝ նշելով, որ «Ադրբեջանի գործողությունները նպատակ են հետապնդում էթնիկ զտումների միջոցով ձեռք բերել տարածքներ՝ առանց  այդ տարածքում ապրող բնիկ հայ բնակչության»։ Կազմակերպություններն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտմանն ուղղված իր գործողություններով Ադրբեջանի կառավարությունը խախտում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի (1948) մի շարք դրույթներ։ 

«Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ամբողջական մեկուսացումը միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների և, հնարավոր է, միջազգային քրեական իրավունքի խախտում է։ Ի հավելումն մարդու իրավունքների մասով ստանձնած իր պարտավորությունների, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության համար անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարությամբ։ Այս ճգնաժամային իրավիճակում անհրաժեշտ են հրատապ միջոցներ։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ համապատասխան կառույցներին հստակ հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները, պահանջել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ տեղաշարժը և ԼՂ բնակչության խախտված իրավունքները, պահանջել ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և մարդասիրական օգնություն տրամադրելու համար»,- ասված է Հայաստանի հասարակական կազմակերպությունների նամակում։

Նմանատիպ նյութեր