211652_close_icon
views-count106882 դիտում article-date 12:36 19-12-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են Mercedes-ը, Nissan-ն ու Opel Astra-ն․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Վանաձորի փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 62 հասցեի մոտ գործող «Մանուկ» կոչվող կաթնամթերքի գործարանի հարևանությամբ բախվել են Mercedes, Nissan և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փարկարար ծառայության Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվ են գործել նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր շտապօգնության ավտոմեքենաներին փրկարաների կողմից մոտեցրած վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել Լոռու գումարտակի պարեկներ Մամիկոն Սարգսյանն ու Նաիրի Միքայելյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ 24-ամյա Նորայր Սարգսյանը, 65-ամյա Սեյրան Մալաքյանը, 25-ամյա Էրիկ Մազմանյանը և 23-ամյա Հայկ Թորոսյանը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր