211652_close_icon
views-count54582 դիտում article-date 19:22 22-12-2022

Մինչ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողները որոնում են «Ալմաստ» գործարանի մոտ գազախողովակների ջարդի հեղինակին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի տնօրեններն ապացուցեցին, որ իրենք ավելի օպերատիվ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 04։30-ից «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանի, «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ առանց ընդմիջման հսկայածավալ աշխատանքների արդյունքում վերականգնեցին Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ դեռևս չհայտնաբերված ավտոմեքենայի կողմից (ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար) վնասված գազախողովակները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր «Գազպրոմ»-ի աշխատակիցները սկսած գործն արդեն կեսօրին ավարտեցին ու հիմա գազամատակարարումը նշված հատվածներում վերականգնվել է։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Էդգար Սարիբեկյանի և Էդվարդ Մկրտչյանի կողմից, ովքեր մի քանի ժամ շարունակ հսկողության տակ են պահել փողոցը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները չերթևեկեն նշված վայրով։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ռուբինյանց փողոցում, «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, գազախողովակներն ու գազի հաշվիչ կայանը վնասված է, և կա գազի արտահոսք։ 

Նմանատիպ ահազանգ ստացել էր նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ընկերությունը։ 

Դեպքի վայր էր ժամանել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն Գառնիկ Մովսիսյանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝  տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել էին հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկ Վալտեր Գևորգյանն ու կրտսեր պարեկ Արսեն Մովսիսյանը, որպեսզի հրշեջ- փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիայի» Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայության աշխատակիցները վերացնեին վթարը։

Պարզվել էր՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան, ըստ տեղեկությունների՝ բեռնատար, Ռուբինյանց փողոցի 27/72 հասցեի մոտ բախվել էր գազատար խողովակներին, հետո՝ հաշվիչ կայանին, կոտրել դրանք և հեռացել։ 

Գազախողովակների վնասվելու հետևանքով սկսվել էր գազի արտահոսք, ինչը դադարեցվել էր Գազպրոմի աշխատակիցների կողմից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 188+
188+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր