211652_close_icon
views-count53475 դիտում article-date 10:28 06-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ մի քանի տոննա անասնակեր (փլուշ) տեղափոխող բեռնատարը գեներալին պատկանող «Ռենեսանս» ռեստորանի մոտ տապալել է երկաթե էլեկտրասյունն ու կողաշրջվել․ ավտոմեքենայի գազաբալոնները պոկվել են, ողջ տարածքը լցվել է փլուշով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում «ЗИЛ 130» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և, առաջ ընթանալով, ռեստորանային համալիրի մուտքի մոտ կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Իսկ կողաշրջման հետևանքով բեռնատարում եղած անասնակերը (փլուշ-խաղողի հատիկների հեռացումից մնացած զանգվածը) լցվել ու ողողել է ճանապարհի մի ամբողջ հատված։ Ավտոմեքենայի վրայից էլ պոկվել ու շպրտվել են 3 գազաբալոնններ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, կտրել տապալված էլեկտրասյունը, այն տեղափոխել անվտանգ տարածք, ապա սահմանազատել տարածքն ու տեղում իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոններից գազի պարպումը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավթի Նիկողոսյանի  և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արամ Դանիելյանն ու կրտսեր պարեկ Ազատ Ասատրյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչներն ու Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցները, ովքեր անհրաժեշտ գործողություններ են կատարել տեղում։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, և պարզվում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր