211652_close_icon
views-count40509 դիտում article-date 19:22 17-01-2023

Ուժգին պայթյուն, փլուզում Զովունու գյուղապետարանի դիմաց գործող ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման կայանում , կան վիրավորներ, ժամանել են Կոտայքի մարզի և Եղվարդի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Զովունի գյուղում՝ Զովունու գյուղապետարանի հարևանությամբ գործող ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերի տեղադրման կայանում տեղի է ունեցել պայթյուն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Երևան Այրվածքածաբանության ազգային կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել հսկայական փլուզում, կոտրվել են ապակիները, վնասվել են նաև 4 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Շահնազարյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ճգմաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ 

Այս պահին տարածքը ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչների կողմից սահմանազատվել է։ 

Ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են վիրավորների ինքնությունը։ Պարզվում է նաև, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պայթյունը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից դեպքի վայրում է եղել Զովունու համայնքի ղեկավար Արտաշես Ղարիբյանը, ով մի քանի քաղաքացիների օգնությամբ մինչև շտապօգնության ժամանումը, օգնություն է ցուցաբերել վիրավորներին։ 

Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագետը և Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր