211652_close_icon
views-count47371 դիտում article-date 22:55 27-01-2023

Ահազանգ բնակիչներից․ «Պարեկների շնորհիվ է, որ վթարներ էս մարդաբոյ սառած ճանապարհին էլ չեն լինում, իսկ քաղաքապետարանն ու թաղապետարանը ոչ գվում են, ոչ բվում, ասես՝ սառցե թագավորությունում լինեն»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց արդարացի վրդովմունքն են հայտնում, ասելով, թե Լվովյան փողոցում 1 ամսից ավելի է՝ երթևեկությունը դարձել է վտանգավոր։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը դիտահորից դուրս եկող ջուրն է կամ կեղտաջուրը, ինչի հետևանքով մոտ 800 մետր երկարությամբ ճանապարհը պատվել է մերկասառույցով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բարձրահարկ շենքերի բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Մոտ 1 ամիս է, լրիվ էս հատվածը դարձել է կամիկաձեների փողոց, քանի որ ջուրը դուրս է տվել, ու ողջ փողոցը պատվել է՝ որոշ տեղեր՝ 40-50 սմ հաստությամբ մերկասառույցով։ Իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Միայն այդ մերկասառույցի պատճառով արդեն մոտ 30-ից ավելի ավտոներ են վթարի ենթարկվել։ Երջանիկ պատահականություն է, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել։ 

Հետաքրքիր է՝ քաղաքային իշխանությունն ու Նոր Նորք վարչական շրջանի պատասխանատուները ի՞նչ են մտածում։ Թե՞ հույսները դրել են Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանի վրա, որ կկանխագուշակի տաք եղանակ, և արևը կհալեցնի 1 կմ երկարությամբ սառցաշերտը։ Իսկ եթե ավելի անկեղծ՝ հույս էլ չունենք, թե պատկան մարմինները գոնե հիմա աղ ու ավազով կմշակեն ու սառույցը կհռեցնեն ճանապարհից։ Հակառակ դեպքում կարելի է այդ սառույցների վրա փռել պատասխանատուների լուսանկարները։ Ու այն տարածենք համացանցում, գրելով՝ սառած հոգիները չեն կարող վերակենդանանալ։ 

Միայն շնորհակալություն ենք հայտնում Երևանի պարեկներին, ովքեր 20 օրից ավելի է՝ երեկոյան ժամերին նշված փողոցում հաճախակի շրջում են իրենց ծառայողական ավտոմեքենաներով, երբեմն էլ վարորդներին բարձրախոսով հորդորում են, որ կա՛մ շրջանցեն այս հատվածը, կամ էլ չգերազանցեն սահմանված արագությունը, փորձանքի չգալու համար»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր էլ նշված փողոցում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, ինչի շնորհիվ էլ վարորդները զգուշավորությամբ են վարում մեքենաները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր