211652_close_icon
views-count969 դիտում article-date 12:08 01-02-2023

Փաշինյանը պարտավոր է արձագանքել, հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ 1 հովանավորը երկրում. Թովմասյան

Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երևանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն (https://bit.ly/3HobnfI , https://bit.ly/3wHWssc)՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաև շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների մասին:

Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները լուրջ մտահոգություն են առաջացնում ՀՀ պետական և մայրաքաղաքային բյուջեի հնարավոր վատնման վերաբերյալ։

Ընդունելով պետական իրավասու օղակների կողմից պարզաբանումների ներկայացման վերաբերյալ քաղաքացիների հանրային պահանջները, ինչպես նաև ընդգծելով իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետությունում պետական գնումների թափանցիկության և հասանելիության, ՀՀ օրենսդրության պահանջներին գնումների ընթացակարգի համապատասխանության անհրաժեշտությունը՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարից ակնկալում եմ մանրամասն տեղեկություն, թե արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է քայլեր՝ վերոնշյալ հրապարակումների կապակցությամբ, և ի՞նչ արդյունքներ կան:

Հուսամ, ՊՎԾ ղեկավարը բազմակողմանիորեն կուսումնասիրի ավագանու անդամի բարձրաձայնումները և իրապես օբյեկտիվ գնահատական կտա: Երևանի փոխքաղաքապետ, Երևանի ավագանու ընտրությունների դե ֆակտո ընտրարշավը սկսած Տիգրան Ավինյանը հատկապես պետք է բացատրի, թե թափանցիկ աշխատանքի, կոռուպցիան բացառելու և այլ վերամբարձ խոստումներով իշխանության եկած քաղաքական միավորն ինչու է դրժում խոստումները:

Դե իսկ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է արձագանքել այս բարձրաձայնումներին՝ քաղաքական և իրավական պատասխանատվության անխուսափելի վճռականությամբ: Հակառակ դեպքում կնշանակի, որ ինքն է կոռուպցիայի թիվ մեկ հովանավորը մեր երկրում:

Նմանատիպ նյութեր