211652_close_icon
views-count721 դիտում article-date 15:49 08-02-2023

Շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ. ԵՄ ներկայացուցիչ

Հարավային Կովկասի և Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Moambe-ին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը իրենք խոսել են վերջինիս անձնական մասնակցության և փոխգործակցության մասին Հայաստանի նախագահի և վարչապետի հետ, ինչպես նաև նրա ցանկության մասին՝ միջնորդ լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև մերձեցման հարցում:Այս մասին գրում է 1tv.ge-ն:

«Մենք դրան սատարում ենք», -ասել է Կլաարը:

Նա հույս է հայտնել, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կսերտանա։

ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունվում է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, շատ կարևոր է Վրաստանի դերը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կամուրջ։ Վարչապետը և ես քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ  ապագայում այս ուղղությամբ ԵՄ-ի և Վրաստանի, ԵՄ-ի և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև համագործակցությունը էլ ավելի սերտ կլինի»,- ասել է Տոյվո Կլաարը։

Նմանատիպ նյութեր