211652_close_icon
views-count793 դիտում article-date 12:04 09-02-2023

«Տվեք մեզ թևեր». Զելենսկին Բրիտանիայից և Փարիզից հետո մեկնում է Բրյուսել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա այցից հետո մեկնել է Բրյուսել, որտեղ կմասնակցի Եվրամիության գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր, և կխնդրի Կիևին հնարավորինս շուտ տրամադրել կործանիչ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «France 24» պարբերականին:

Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա:

Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Զելենսկիի «Տվե՛ք մեզ թևեր» արտահայտությունը հայտնվել է բրիտանական բոլոր լրատվամիջոցների գլխագրերում: Խորհրդարանում ելույթից հետո Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի  թագավոր Չարլզ III-ի հետ, ինչպես նաև այցելել է ռազմաբազա, որտեղ վերապատրաստում են անցնում ուկրաինացի զինվորականները:

Ռազմաբազայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռիշի Սունակը հայտնել է, որ բանակցությունների հիմնական մասը վերաբերել է Ուկրաինային ՀՕՊ համակարգերի և մեծ հեռահարության հրթիռների մատակարարմանը: Լոնդոնը և Կիևը նաև մտադիր են կազմակերպել Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողով, որը նախատեսվում է հունիսին: Ռազմական գործողությունների 1 տարվա ընթացքում Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է 4 միլիարդ ֆունտ ստեռլինգի ռազմական, հումանիտար և տնտեսական օգնություն:

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն իր հերթին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Կիևն առաջին Leopard տանկերը կստանա այս տարվա մարտին կամ ապրիլին։

Նմանատիպ նյութեր