211652_close_icon
views-count42747 դիտում article-date 00:11 14-02-2023

Խոշոր հրդեհ Երևանում. սեփական տանը առաջացած կրակի տարածման դեմ մեծ դժվարությամբ պայքարում էին հրշեջները, վիրավորներին օգնության են հասել պարեկները, բժիշկներն ու փրկարարները, տանը հայտնաբերվել է մոխրացած դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի հանձնարարականով դեպքի վայր ժամանած փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Դեպքի վայր են ժամանել «Գազմպրոմ Արմենիա Տրանսգազ» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանը, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի տնօրեն Վազգեն Արտաշեսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, որոնց տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, իսկ բժիշկների թիվ 43 հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել ևս 1 քաղաքացու, ով, սակայն, հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Նշված բժիշկների հերթապահ խումբն այս պահին դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել ե ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Հայկ Սուքիասյանը, Էդգար Սարիբեկյանը, պարեկներ   Էդվարդ  Մկրտչյանը, Գոհար Արզումանյանը։ 

Հրշեջները մեծ դժվարությամբ նախ կանխել են մեկ հարկանի սեփական տան տարածքում առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել են այն։ Ներսում հայտնաբերվել է մոխրացած դի։ 
 
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ Էրեբունու ծառայության հերթապահ խումբը, ինչպես նաև 104 վթարային ծառայության ներկայացուցիչները։ Տեղում են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էրեբունու մասնաճյուղի կարգավարները։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Էյ-ի-ջի-սերվիս գազի ներտնային սպասարկման ծառայության Կենտրոն և Էրեբունի-Նուբարաշեն տեղամասի պետ Էդգար Եփրեմյանը ավագ վարպետ Արա Կարագյան, սպասարկող փականագործերի հետ;

Նշված տարածքը ժամանակավորապես հոսանքազրկվել և գազազրկվել է։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 

Դեպքի մասին տեղեկանալով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են նաև թաղապետարանի պատասխանատուները՝ կոմունալ բաժնի պետ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր