211652_close_icon
views-count3274 դիտում article-date 16:18 16-02-2023

Պարադոքսն այն է, որ ՀՀ-ն չգիտի, թե ինչ է երեկ «ավարտել» և ՀՀ-ի անունից Ադրբեջանին «ներկայացրել» Փաշինյան Նիկոլը․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Փաշինյան Նիկոլն ասում է, որ «ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքներն ու մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին»:

Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն ավարտել է»: Այդ ՀՀ-ն ո՞վ է:

Եթե չեմ սխալվում ՀՀ-ն հիմնականում շարքային քաղաքացիներն են, հետևաբար՝ Փաշինյան Նիկոլը մեզ բոլորիս, առանց մեր համաձայնության, «խաղաղության պայմանագրի» համահեղինակ կարգեց: Սակայն, այդ «խաղաղության պայմանագրով» վերապահված իրավունքներն ու պարտականությունները հիմնականում շարքային քաղաքացիներն են կրելու, այլ ոչ Փաշինյան Նիկոլը:

Օրինակ՝ եթե «խաղաղության պայմանագրի» շրջանակներում Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվի, ապա Հայրենիքը պաշտպանելու և զոհվելու են «խաղաղության պայմանագրի» տառից և բովանդակությունից անտեղյակ ՀՀ շարքային քաղաքացիները: 

Կամ՝ եթե «խաղաղության պայմանագրի» շրջանակներում ՀՀ շարքային քաղաքացին պետք է դուրս վռնդվի սեփական տնից, ապա արդյո՞ք կարելի է վերջինիս «խաղաղության պայմանագրի» համահեղինակ անվանել: 

Ի վերջո, «խաղաղության պայմանագրով» ի՞նչ է լինելու Արցախի հետ, կամ՝ արդյո՞ք այդ պայմանագրի իրավասուբյեկտ ՀՀ-ն գիտակցում է, որ Արծվաշենը վերջինիս միջազգայնորեն ճանաչված, անբաժանելի մասն է կազմում: Բացի դրանից՝ «խաղաղության պայմանագրով» ի՞նչ ճակատագիր է սպասվում գյումրեցիներին, աբովյանցիներին կամ երևանցիներին: Գիտե՞ք: Իհարկե, չգիտեք:

Պարադոքսն այն է, որ ՀՀ-ն չգիտի, թե ինչ է երեկ «ավարտել» և ՀՀ-ի անունից Ադրբեջանին «ներկայացրել» Փաշինյան Նիկոլը»:

Նմանատիպ նյութեր