211652_close_icon
views-count1585 դիտում article-date 10:20 17-02-2023

Հայաստանում փետրվարի 19-ին կնշվի Գիրք նվիրելու օրը. տոնին ընդառաջ գրքառատ միջոցառումներ կանցկացվեն

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում  նշվում է Գիրք նվիրելու օրը։ Տոնի շրջանակում ընթերցասերները հնարավորություն են ունենում մասնակցելու գրքին նվիրված փառատոնների, շնորհանդեսների, տոնավաճառների, հանդիպելու իրենց սիրած հեղինակներին ու նոր գրքերով հարստացնելու և՛ սեփական, և՛ մտերիմների գրադարանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միությունը տոնը կանցկացնի միության «Պոեզիայի պուրակ»-ում: Փետրվարի 19-ին ժամը 13:00-ին Հայաստանի գրողների միության շենքի դիմաց և «Պոեզիայի պուրակ»-ում գրողները կհանդիպեն ընթերցողների, անցորդների հետ և կնվիրեն գրքեր։

«Նոր գիրք» գրախանութի դիմաց կլինի գրասեղան, որտեղ ևս կլինեն նվեր գրքեր։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում փետրվարի 19-ին ժամը 11։00-16։00 իրականացնելու է «Մուտքը՝ գրքով» ակցիան։
Այդ օրը բոլոր այցելուները կարող են տոմսի փոխարեն թանգարան մուտք գործել գրքով։ Թանգարանը բարեգործական ակցիայի շրջանակում հավաքված գրքերին կավելացնի թանգարանի հրատարակություններից ևս և ամբողջը կնվիրաբերի մանուկների խնամքով զբաղվող կենտրոններից մեկին։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի ամենամյա Մանկապատանեկան գրքի 19-րդ երևանյան ցուցահանդես-տոնավաճառը, որի շրջանակում հրատարակիչները կներկայացնեն իրենց մանկապատանեկան լավագույն գրքերը, որոնք այդ օրերին կվաճառվեն 20-40 տոկոս զեղչով:

Ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 17-19-ը ժամը՝ 10:00-17:00:

Եռօրյա ծրագրի շրջանակում նախատեսվում են գրքի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, թատերական և տիկնիկային ներկայացումներ, մանկագիրների ու նկարազարդողների հետ հանդիպումներ, ցուցահանդեսներ, մուլտֆիլմերի դիտում, վարպետության դասեր, տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում և այլ հետաքրքիր միջոցառումներ:

 «Դարան» գրախանութում էլ փետրվարի 17-19-ը կանցկացվի «Արքոյական զեղչեր» նախաձեռնությունը:  Ինչպես իրենք են նշում. «Զեղչարարներ շատ կգան ու կանցնեն անհետ, Արքոյական զեղչը մեր կմնա հավետ»:

Այդ օրերին գրախանութից հնարավոր կլինի գրքեր ձեռք բերել 20-80 տոկոս զեղչով:

 Տոնի առթիվ «Նյումեգ» հրատարակչությունը փետրվարի 18-ին կանցկացնի Գրքի ձմեռային փառատոնը: Արդեն 2-րդ տարին «Կոնգրես» հյուրանոցում հրատարակչությունը գրքատոն է նվիրում ընթերցասերներին: Փառատոնն ունի 3 հիմնական լոկացիա, որոնցից յուրաքանչյուրում ընթանալու են գրական տարբեր միջոցառումներ։ Փառատոնի հիմնական նպատակն է խոսել գրականության մասին, անմիջական շփում ունենալ հայ հեղինակների հետ, ներկայացնել նոր բեսթսելերներ։ «Նյումեգ»-ի բոլոր գրքերը փառատոնին կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով:

«Բուկինիստ» գրախանութներում փետրվարի 16-18-ը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ  կաշխատեն աստղային խորհրդատուները։

 

Նմանատիպ նյութեր