211652_close_icon
views-count28479 դիտում article-date 13:05 18-02-2023

Լարված իրավիճակ Կենտրոնի դատարանում․ դատավորը նորամուծություն է մտցրել․ դատական կարգադրիչների շնորհիվ էլ կողմերի միջև լեզվակռիվը ձեռնամարտի չհասավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 16-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՃՈ ծառայողական ավտոմեքենայով 28-ամյա Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով դատական նիստը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դատական նիստի սկսվելը, դատավոր Կարեն Ֆարխոյանը դատական նիստի մասնակիցներից հարցրեց՝ արդյո՞ք առարկություններ ունեն, որպեսզի լրատվամիջոցները տեսանկարահանեն և լուսանկարահանեն դատական նիստը։ Վերջիններս չառարկեցին։ 

Դատական նիստի ժամանակ, կարծես՝ նորամուծություն էր մտցվել։ Դատավորը նիստին ներկա վկաներին հորդորեց, որպեսզի հայտնեն հետևյալ խոսքերը՝ «Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ ճշմարտությունից զատ», որից հետո դատավորը երբ պարզեց, որ դատարանի դահլիճում ներկա են գործով անցնող վկաներ, նրանց դուրս հրավիրեց դահլիճից։ Ապա դատական նիստում սկզբից վկայություն տվեց ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ  Արմեն Նավասարդյանը, ով մեղադրյալ Ա․ Նավասարդյանի եղբայր է։ 

Նա դատարանին առաջարկեց, որպեսզի իր նախաքննական ցուցմունքը հիմք ընդունեն, բայց և դեմ չարտահայտվեց, որպեսզի իրեն հարցեր ուղղեն։ Նրան հարցեր ուղղեցին հանրային մեղադրող Ալավերդյանը, տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը, ապա դատավոր Կ․ Ֆարխոյանը։

Դատական նիստը անցնում էր բնականոն հունով մինչև այն պահը, երբ վկայություն տալու համար դատարանի դահլիճ հրավիրվեց Արամ Նավասարդյանի գործընկերը, ով Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայող է։ Ու մինչ նա պատասխանում էր դատավորի հարցերին, կրքերը դատարանի դահլիճում թեժացան։

Ս․ Մնացականյանի հայրը և մտերիմ ազգականը բարձրաձայն սկսեցին մեղադրել Ա․ Նավասարդյանին, դատարանում ներկա նրա գործընկերներին, ասելով, թե՝ «Դուք տեսե՞լ եք արյան ինչ լճակ էր գոյացել։ Ու այդքանից հետո դատարան եք գալիս ինքնավստահ․․․» և այլն։ 

Մթնոլորտը փորձում էր դատավորը հանդարտեցնել, սակայն այս անգամ լեզվակռիվ սկսվեց մահացածի հոր և մեղադրյալի պաշտպան Ռուբեն Բալոյանի միջև։ Վերջինս հորդորում էր, որպեսզի դատարանի դահլիճում, ըստ իրեն՝ նախօրոք նախատեսված սցենարով շոուներ չսարքեն և թողնեն, որպեսզի դատական նիստը բնականոն ձևով շարունակվի։

Դատավոր Կ․ Ֆարխոյանը, տեսնելով, որ կրքերը չեն հանդարտվում, դատական նիստը հետաձգեց, ինչից հետո դատական կարգադրիչները նիստի մասնակիցներին դուրս հրավիրեցին դահլիճից։ 

Թվում էր, թե կրքերը կհանդարտվեն, սակայն վեճը շարունակվեց դատարանի միջանցքում։ Սակայն այստեղ էլ բանը չհասավ ձեռնամարտի՝ շնորհիվ դատական կարգադրիչների։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Մանրամասները՝ տեսանյութում

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր