211652_close_icon
views-count1048 դիտում article-date 14:35 23-02-2023

Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը պարգևատրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին: Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ու Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է 2022 թվականին Հայաստանի մասնակցությանը Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին, որտեղ ներկայացված էր հայ արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագիծը: Հայաստանի մասնակցության առանցքային ձեռքբերումներից էր բիենալեի կենտրոնական ավանում ազգային տաղավարի կազմակերպումը, որի արդյունքում հայկական տաղավարը հյուրընկալել է աննախադեպ թվով այցելուների։

«Մեր հանդիպման նպատակը շնորհակալություն հայտնել և գնահատանքի խոսքեր ասելն է Ձեր կարևոր գործունեության համար: Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցության և միջազգային նշանակության ազգային տաղավարի կազմակերպման գործում նշանակալի էր Ձեր դերակատարումը: Անչափ ուրախ եմ այս կարևոր համագործակցության համար՝ ուղղված Հայաստանի և հայ մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ առաջիկա համագործակցությունը կլինի նույնքան նպաստավոր և   արդյունավետ:  

Գագիկ Սարուխանյանին գնահատանքի խոսք է ուղղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ կարևորելով Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսի առանցքային դերակատարումը՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին քաղաքական բարձր մասնակցության ապահովման համար:

Գագիկ Սարուխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ Հայաստանը մշակույթի հնագույն օրրան է, և իր համար մեծ պատիվ է իր գործունեությամբ ծառայել երկրին:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ  նախարարության մեդալով՝ Վենետիկի 59-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին Հայաստանի՝ բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու և հայկական տաղավարի կազմակերպման գործում ունեցած դերակատարման համար:

Նմանատիպ նյութեր