211652_close_icon
views-count1222 դիտում article-date 12:20 27-02-2023

ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, բավարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը եւ դադարեցրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով։ Գրում է Oragir.News-ը։

Որոշումն ընթերցեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը։ Որոշման մեջ ասված է․

«ԲԴԽ-ն որոշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը բավարարել, դադարեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները՝ էական դատավարական խախտման հիմքով։ Որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորն արդեն իսկ ունեցել է կարգապահական տույժ, խիստ նկատողություն, որը մարված չէ։ Դատավոր Նախշքարյանը Աննա Փիլոսյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի խախտում։ Դատական նիստը ավարտված է»։

Հիշեցնենք, որ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարարի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը: Նա նիստից առաջ հայտարարել է, որ դեռևս 2022թվականի դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանում ԲԴԽ-ի նախաձեռնությամբ կազմակերպված արտագնա աշխատաժողովի ընթացքում առանձնազրույց է ունեցել դատավոր Նախշքարյանի հետ, որի ընթացքում իր կողմից արտահայտած մի շարք տեսակետներ անհնար են դարձնում իր մասնակցությունը այդ կարգապահական վարույթին:

Խորհուրդը որոշել է բավարարել Կարեն Անդրեասյանի միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր