211652_close_icon
views-count985 դիտում article-date 23:41 01-03-2023

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը և կարգապահությանը

Մարտի 1-ին N զորամաս այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների, դասակների, ջոկերի հրամանատարների, դիրքերի ավագների հետ:

Առաջնագծի պահպանության անմիջական պատասխանատուները զեկուցել են մարտական դիրքերի վերազինումների, ինժեներական հագեցվածության, թիկունքային ապահովման աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը ներդնելու է բոլոր ջանքերը հայրենիքի պաշտպանության, ամրաշինական կառույցների արդիականացման ուղղությամբ:
Մարտական դիրքերի ավագները նախարար Պապիկյանին զեկուցել են, որ դիրքերն ապահովված են զինամթերքով, սննդով, վառելանյութով:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը, զենք-զինամթերքի հետ առնչվելիս, ինչպես նաև հետևել հրդեհային անվտանգության պահանջներին:

Պաշտպանության նախարարը հանձնարարել է խստորեն հետևել կարգապահությանը, նշելով, որ առաջիկայում կներդրվեն նոր մեխանիզմներ զորքերում արատավոր երևույթները բացառելու համար:

 

Նմանատիպ նյութեր