211652_close_icon
views-count799 դիտում article-date 13:46 13-06-2023

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:

Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:

Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»:

Նմանատիպ նյութեր