211652_close_icon
views-count24257 դիտում article-date 14:24 02-03-2023

Երևանում 63-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վիրավորին առաջինն օգնության են հասել փաստաբանը, պարեկները, փրկարարն ու վարորդը․ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Էդուարդ Ս-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտա - Գլինկա փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 23-ամյա Սվետա Ս․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Լամարա Քոչարյանն ու տեղում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նորայր Սարգսյանն ու կրտսեր պարեկ Խաչատուր Պետրոսյանը։ Վիրավորը փաստաբանի կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների թիվ 41 խմբի բժիշկ Արման Մարգարյանի կողմից կրկնակի հետազոտվել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Այդ պահին փաստաբանին, պարեկներին միացել է նաև աշխատանքից տուն վերադարձող ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղանի գլխավորությամբ։ 

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր