211652_close_icon
views-count1114 դիտում article-date 10:56 04-03-2023

Գերմանիայի պատմական շրջադարձը․ «Հայաստանի Հանրապետություն»

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի երեք տասնամյակում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այն քիչ խոշոր եվրոպական պետություններից էր, որը գրեթե դիրքորոշում չէր հայտնում հիմնահարցի վերաբերյալ:

Դժվար է հիշել որեւէ դեպք, երբ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները կարծիք հայտնեին Հարավային Կովկասի հիմնական հակամարտության վերաբերյալ՝ առավելագույն հեռավորություն պահպանելով դրանից եւ պահպանելով չեզոքություն: Նորանկախ Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը հիմնականում իրականացվում էր KfW բանկի միջոցով էներգետիկ համակարգին, գյուղատնտեսության ոլորտին դրամաշնորհային եւ մատչելի վարկային միջոցներ տրամադրելու, ինչպես նաեւ բնապահպանության խնդիրների լուծման համար մեծ դրամաշնորհներ հատկացնելու միջոցով:

Փորձագիտական հանրությունը Գերմանիայի նման կեցվածքը բացատրում էր հիմնահարցի կարգավորման գործընթացում հարեւան պետության՝ Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությամբ, որը, ըստ էության, ներկայացնում էր ԵՄ հավաքական դիրքորոշումը: Մյուս կողմից էլ, մեծ էր գերմանաթուրքական ավանդական սերտ հարաբերությունների գործոնն այդ լռության մեջ, սակայն դա չխանգարեց Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

«Մեր տեսանկյունից այժմ կարեւոր է հասնել խաղաղ կարգավորման՝ հիմնված Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության սկզբունքների, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Այս բոլոր ասպեկտները հավասարապես կարեւոր են»,- համատեղ ասուլիսում հայտարարել է Շոլցը: Գերմանիայի կանցլերն իր խոսքում առանձնացրել է կարգավորման այն երեք հիմնական սկզբունքները, որոնք ընկած են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափի առաջարկած կարգավորումների հիմքում:

Սա ոչ թե այդ ձեւաչափի մասին հիշատակելու եւ դրա գործունեությունը կարեւորելու փորձ է, այլ հիմնախնդրի լուծման միակ ճանապարհի մատնանշում: Կանցլերը թվարկել է այն սկզբունքները, որոնց պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի հանգուցալուծել արցախյան թնջուկը եւ երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանում: Այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին վերջին շրջանում զգուշավոր են արտահայտվում ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում,

Գերմանիայի նման կտրուկ շրջադարձը հիմնարար իրադարձություն է միջազգային դիվանագիտական պրակտիկայում, առավել եւս, որ դժվար է կարծելը, թե այդ հայտարարությունը դրականորեն կընդունի նաեւ իր վաղեմի դաշնակից Թուրքիան, ինչը լավ են պատկերացնում Բեռլինում: Մյուս կողմից էլ` Հոլոքոստ իրականացնելու փաստն ընդունած երկրի ղեկավարն այլ կերպ չէր կարող հարաբերվել ցեղասպանություն ապրած Հայաստանի ղեկավարի հետ եւ էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած Արցախի ժողովրդի վիճակի մասին չբարձրաձայներ: Աշխարհի խոշորագույն պետություններից մեկը, պիտի հավատալ, գերզգայուն է էթնիկ ոչնչացման ցանկացած ռիսկի նկատմամբ եւ առօրեական տնտեսական շահերին չի զոհաբերում համամարդկային արժեքները, համենայնդեպս՝ հրապարակային ելույթների մակարդակով:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր