211652_close_icon
views-count4137 դիտում article-date 20:02 04-03-2023

Դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին․ հայտարարություն

Հայաստանի երկրորդ ամենամեծ ծածկույթ ունեցող սուպերմարկետների ցանցն արդեն տևական ժամանակ է, ինչ ենթարկվում է համակարգված ուժային և վարչարարական ճնշումների, որն ուղեկցվում է անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտումներով, կալանքը անձանց դեմ որպես պատիժ կիրառելու և ընկերությանը նյութական և ոչ նյութական վնաս հասցնելու իրողությամբ։

Արդյունքում 1999 թ. հիմնված, մատչելի և որակյալ մթերքներով հայտնի սուպերմարկետների ցանցն իր 29 մասնաճյուղերով ու մոտ 1600 աշխատակիցներով հայտնվել է ճգնաժամային իրավիճակում:

Վերլուծելով հանգամանքները, ծանոթանալով կալանավորման որոշմանը՝ «Նոր Զովք» ընկերության պաշտպանական խումբն այսօր հայտարարությամբ արձանագրել է, որ դատարանները չեն ներկայացրել գեթ մեկ փաստական տվյալ, թե ինչու է անհրաժեշտ կալանավորել «Նոր Զովք»-ի ամբողջ ղեկավար կազմին ու զրկել ընկերությունը բնականոն գործունեությունը իրականացնելու՝ իր երաշխավորված իրավունքից:

Ավելին, իրավապահ և հարկային մարմինները չեն ներկայացրել ողջամիտ բացատրություն այն մասին, թե ինչու են ծրագրերի և տվյալների պատճենահանման փոխարեն անպայմանորեն առգրավվում տեխնիկական բոլոր միջոցները՝ փաստացի զրկելով Ընկերությանը հաշվապահական հաշվառում վարելու, մատակարարների հանդեպ պարտավորությունները, վարկային, հարկային և այլ պարտավորությունները մարելու նպատակով դրամական փոխանցումները կատարելու և շուրջ 1600 ընտանիքների աշխատավարձերը հաշվարկելու և վճարելու հնարավորությունից:

Այդ մասով վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդություններն անարձագանք են մնացել: «Ստանալով չորս մեղադրվող անձանց կալանավորման մասին որոշումները՝ տպավորություն է, որ բոլորը մեկ մարդու կողմից գրված տեքստեր են, որոնցում պարզապես ձևականորեն շարադրված են քննիչների կողմից ներկայացված ձևակերպումները։

Մեր կողմից դատարաններին են ներկայացվել հիմնավոր կասկածը հերքող մի շարք փաստական տվյալներ, որոնց ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարվել դատական ակտում, այլև դատարանի կողմից չեն վերլուծվել քննիչների կողմից ներկայացված տվյալները՝ հիմնավորելու, թե որքանով են դրանք բավարար առկա կասկածը հավաստելու համար։

Բացի այդ, դատարաններն ընդհանրապես չեն պատճառաբանել, թե ինչու կիրառելի չեն կարող լինել այլ խափանման միջոցները, այդ թվում՝ գրավը, տնային կալանքը կամ նույնիսկ դրանց համակցությունը, ինչը գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու մեր մտահոգությունները գործի ուղղորդված բնույթի վերաբերյալ»,-ասել է պաշտպանական խմբի ղեկավար, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ հարկ կա ընդգծելու` քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված տնային կալանքը փաստացի շատ քիչ է զիջում կալանքին, մինչդեռ դատարանն այս չորս դեպքերում էլ կիրառել է միջազգային ստանդարտով ծայրահեղ խափանման միջոցը` կալանքը:

Պաշտպանական խումբն անդրադարձել է նաև ՀՀ Վարչապետի կողմից կատարված հայտարարությանը` ընդգծելով, որ այն անխուսափելիորեն կաշկանդելու է իրավապահ համակարգին կատարելու օբյեկտիվ քննություն։

«Այդ խոսքերը վկայում են, որ անգամ արտերկրում գտնվելու պարագայում վարչապետն ավելի քան տեղյակ է գործի մանրամասնություններին։

Ամենաբարձր մակարդակում արվում են հայտարարություններ, որոնք «կանխորոշում են» գործի ելքը՝ իրավապահ համակարգին ստիպելով գործը քննել միայն այն ուղղությամբ, որը բխում է արդեն իսկ կատարված զեկուցումներից և դրանց հիման վրա ձևավորված կանխակալ դատողություններից։

Որքան էլ վարչապետն ասում է «չխախտելով անմեղության կանխավարկածը»՝ իր խոսքերն ամենաուղիղ իմաստով անմեղության կանխավարկածի խախտում են, քանի որ երկրի ղեկավարն անում է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում մյուս կողմի դատողությունները և կանխորոշում կայացվող դատական ակտերի բովանդակությունը:

Կարդացեք նաև «Նոր Զովք»-ի կողմից պակաս վճարված հարկը՝ 4.1 մլրդ դրամ. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացնում ««Նոր Զովք»-ում չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով 4 անձ կալանավորվել է».

Գոռ Աբրահամյան Եթե գտնում են՝ գործողությունները եղել են ոչ իրավաչափ, կամ դրանք ուղեկցվել են ապօրինություններով, ապա կարող են սահմանված ընթացակարգերով վիճարկել.

Գոռ Աբրահամյան Եթե այս ամենը դիտարկենք նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կատարած հայտարարությունների համատեքստում, ապա պարզ է, որ գործ ունենք պետության կողմից բիզնեսի դեմ իրականացվող համակարգված արշավի հետ։

Այս ամենն ազդում է տնտեսական միջավայրի վրա, որտեղ տնտեսվարողը չունի իրական հնարավորություն իրավական գործընթացների շրջանակներում ապացուցել իր անմեղությունը և զուգահեռ աշխատել` վճարելով հարկեր և աշխատավարձեր»,-ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ուժի ցուցադրմամբ, ակնհայտ ապօրինություններով և ընկերության գործունեությունը կաթվածահար անելու համակարգված փորձերը մեկնարկել են «Նոր Զովք» ընկերության հանդեպ դեռ հունվարի 24-ին սկսած մասնավոր անձանց կողմից խուլիգանական հարձակումների և դրա հետևանքով մեծ վնասներ հասցնելու միջադեպերից հետո:

Այս հանգամանքների մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանությանը, կան այլ էական հանգամանքներ ևս, որոնք դեռևս կբացահայտվեն ընկերության ղեկավար կազմի և պաշտպանական խմբի կողմից շուտով:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նմանատիպ նյութեր