211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:09 08-03-2023

Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները․ ՀՀ նախագահի ուղերձը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ:

Այս տոնը մեր հանրությունը նշում է յուրօրինակ ջերմությամբ և գնահատանքով, ինչը վկայում է ձեր անգնահատելի դերի ու ներդրման մասին և ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների անսահման սիրո դրսևորումն է:

Մաղթում եմ ձեզ անսպառ ընտանեկան երջանկություն և չխամրող գեղեցկություն:

Սիրելի կանայք,

Կանանց միջազգային օրը բոլորիս համար առիթ է, որպեսզի մենք հաստատենք մեր պատրաստակամությունը՝ կերտել հավասար իրավունքների և հնարավորությունների հասարակություն:

Այս ճանապարհին մեր երկրում դեռ շատ անելիքներ կան և մեր խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կդրսևորվեն ձեր բոլոր կարողություններն ու գիտելիքները:

Ի սրտե ցանկանում ու մաղթում եմ ձեզ առավել ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքի անցուդարձերում, որովհետև ձեր ներկայությամբ արդեն ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար:

Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր, գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անձնական երջանկություն ու անսահման սեր, հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում»:

Նմանատիպ նյութեր