211652_close_icon
views-count8026 դիտում article-date 19:15 07-04-2022

Եկեք ստեղծե՛նք կրթական այնպիսի միջավայր, որտեղ աշակերտը ոչ թե սովորի գիտությունը, այլ ինքնուրույն ճեղքի գիտության բարձունքները. Վահե Առուստամյան

Վահե Առուստամյանը գրում է. 
Կրթության բովից


Ինչպես ասել է Ադոլֆ Դիսվերգը. «Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես»։ Անշուշտ, կրթությունը ազգերի լինելիության միակ հնարավորությունն է, և մեզանից յուրաքանչյուրը, հանձն առնելով կրթության համակարգում փոփոխություն կատարողի դերը, պետք է նպատակ ունենա կրթել ոչ թե սոսկ փաստային գիտելիքով, այլ ձևավորել իրազեկ և պատասխանատու քաղաքացու կերպար, այնպիսի տեսակ, որ ունակ կլինի խավարն անիծելու փոխարեն շուրջը լուսավորելու համար մեկ մոմ վառել՝ ձևավորելով այն միտքը, որ եթե ոչ ես, ապա ո՞վ։

Այս ամենին հասնելու համար մեզ պետք է որդեգրել սովորեցնելով սովորելու գաղափարը` ամրապնդելով ուսուցիչ-աշակերտ-ծնող եռանկյունու կապը:

Պետք է ընդունվի այն գաղափարը, որ չկա ճիշտ կամ սխալ, հաջողված կամ անհաջող միտք կամ աշխատանք. կա ընդամենը ինքնատիպ մոտեցում, մշտապես ճիշտը պարունակող պատասխաններ։

Որպես ուսուցիչ-առաջնորդ,կարևորում եմ փոփոխությունների վրա հիմնված ուսուցման մոդելով սովորելու բազմազանության ապահովումը, քանի որ ուսուցումը հաջողվում է այն ժամանակ, երբ աշակերտը ունենում է սովորելու ալտերնատիվ հնարավորություն` կախված այս կամ այն կարիքից բխող առանձնահատկությունից։

Կարծում եմ` ուսումնառության կազմակերպման գործընթացում ավանդականին պետք է համադրել արդիականը և գրքային-ակադեմիական կրթության ապահովման հետ մեկտեղել ոչ ֆորմալ կրթության գործիքներին` երբեմնի ուսուցումը կազմակերպելով զրույց-քննարկումների, մոտիվացիոն խաղ-վարժությունների, փորձի փոխանակման այցելությունների , խաղերի, ինքնաճանաչման և ինքնաիրազեկման հոգեբանական թեստերի կիրառմամբ։ Այս ամենը նպատակ ունի ձևավորելու վերլուծական մտածողությամբ, լայն աշխարհայացքով, իրավագիտակից, առանց կոմպլեքսների ինքնադրսևորվող մարդ տեսակ։ Չէ՞ որ ինչպես Սաադին է ասել. «Առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի»։ Ուստի այդ թևերը տվողը և կտրողը ինքներս ենք։

Չկորցնելով մանկավարժի կերպարը, ուսուցիչ-առաջնորդը պետք է կարողանա երեխայի համար լինել նաև ավագ ընկեր, վստահելի խորհրդատու` զերծ մնալով խտրակաության այլևայլ դրսևորումներից։

Մշտապես խրախուսելով երեխայի վարքային-ուսումնական, սոցիալ-մտավոր ամենատարբեր պարագաներում։

Ուսուցիչ-առաջնորդը պետք է իր գործելաոճով, դասերի կամ անելիքների հստակ պլանավորմամբ ուղղորդի աշակերտին արժևորել և ճիշտ կառավարել ժամանակը։
Ծանոթանալով Ջերոմ Բռոների տեսությանը` կիսում եմ այն միտքը, որ մշակույթը ձևավորում է մեր մտածելակերպը և այն, թե ինչպես ենք մենք հասկանում ինքներս  մեզ և աշխարհը, որում ապրում ենք։ Քանի որ, ըստ իս, ուսումնառության մշակույթը միակ ճանապարհն է, որ տանում է մարդուն դեպի հաջողության եզրագիծը։

Ուստի եկեք ստեղծե՛նք կրթական այնպիսի միջավայր, որտեղ աշակերտը ոչ թե սովորի գիտությունը, այլ ինքնուրույն ճեղքի գիտության բարձունքները:

Ուսուցիչ, <<Հույսի կամուրջ>> ՀԿ շահերի պաշտպան  Վահե Առուստամյան

Նմանատիպ նյութեր