211652_close_icon
views-count1150 դիտում article-date 20:38 08-03-2023

Կարեւոր է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանը. Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն՝ այսօր՝ մարտի 8–ին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Հայր Թոմաս Շվարցին:

Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, գնահատել է այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի համար, որոնք ուղղված են հատկապես պատերազմից տուժած ընտանիքներին:

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության եւ Մայր Աթոռի միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ բազմամյա համագործակցությանը՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի համար դժվարին իրավիճակներում Քույր Եկեղեցիների կողմից ցուցաբերվող զորակցության համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանն ու շարունակվող ագրեսիային, ինչի վկայությունն է Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաեւ օրերս ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումն Արցախի ոստիկանության աշխատակիցների վրա, որի հետեւանքով երեք ոստիկան է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել։

Այդ առնչությամբ Նորին Սրբությունը կարեւորել է միջազգային հանրության ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու մեր ժողովրդի արդար իրավունքների պաշտպանությանը։

«Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենը խոսելով կազմակերպության մարդասիրական առաքելության մասին, ընդգծել է, որ որ մշտապես զորակից է կարիքավորներին ու Եկեղեցուն եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու գործակցությունը Հայ Եկեղեցու հետ:

Նմանատիպ նյութեր