211652_close_icon
views-count1738 դիտում article-date 10:51 09-03-2023

Երկու գիշատիչ կռվում են Վրաստանի համար․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեր երկրում մեկնաբանվում են երկու ծայրահեղ տեսանկյուններից: Առաջին՝ չարամիտ Արեւմուտքը կազմակերպել է խժդժություններ, որպեսզի կործանի մեր հարեւան երկիրը եւ այն դարձնի երկրորդ Ուկրաինան: Երկրորդ՝ չարամիտ Ռուսաստանը խանգարում է Վրաստանի ազատատենչ ժողովրդին՝ տապալել ներկայիս ռուսամետ կառավարությանը եւ հաստատել ժողովրդավարություն:

Մեզանում ընդունված է իրադարձություններին նայել արեւմտամետության եւ ռուսամետության «օպտիկայով», եւ այդ պարագայում հակառակ ճամբարը ներկայանում է որպես չարիքի մարմնավորում, իսկ սեփական բուռն համակրանքի առարկան՝ որպես աշխարհի բոլոր երկրներն ազատագրող եւ զարգացման պայծառ ճանապարհով ուղղորդող ուժ:

Իրականում երկու գիշատիչ, երկու, եթե ուզում եք, կայսրություն, կռվում են այս տարածաշրջանի, այդ թվում՝ Վրաստանի համար: Ռուսաստանն, այո, շահագրգռված է, որ իշխանության մնա իրեն քիչ թե շատ լոյալ կառավարություն, որը չի միանա իր հանդեպ Արեւմուտքի ձեռնարկած պատժամիջոցներին: «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքը, այո, թիրախավորում է վրաստանյան, պայմանականորեն ասած, «սորոսականներին», որոնք կարող են հնարավոր իշխանափոխության շարժիչ ուժը դառնալ:

Բայց այնպես չէ, որ Արեւմուտքի ուշքը գնում է ժողովրդավարության համար: Եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանը, որտեղ բռնապետական ռեժիմ է, եւ իշխանությունը տասնամյակներով մեկ ընտանիքի ձեռքում է, ԵՄ աչքերում պետք է «իզգոյ» պետություն լիներ, մինչդեռ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համար Ադրբեջանը «վստահելի գործընկեր է», իսկ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարի համար, ըստ էության, Բերձորի միջանցքում ադրբեջանական ուղեկալներ տեղադրելու ադրբեջանական պահանջն «օրինական» է: Բնականաբար, պարոն Կլաարը հասկանում է, թե ինչ է դա նշանակում: 

Այնպես որ, դժվար է հավատալ, թե Արեւմուտքին շատ է հուզում ժողովրդավարությունը Վրաստանում: Նրան պետք է, որ այդ երկիրը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Իսկ թե ինչ խնդիրների առաջ դա կկանգնեցնի Հայաստանին՝ նույնպես պետք չէ երկար բացատրել: Միայն այն, որ ռուս-վրացական սահմանը (այդ թվում՝ օդային) փակման վտանգի տակ կկանգնի՝ արդեն իսկ բավարար է պատկերացնելու համար»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր