211652_close_icon
views-count934 դիտում article-date 10:01 10-03-2023

Հուսահատության սոցիոլոգիա` Ռուսաստանում․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանում մարդկանց 51%-ը դատապարտում կամ բացասաբար է ընկալում այն հայրենակիցներին, ովքեր Ուկրաինայում պատերազմի պատճառով հեռացել են երկիրից: Այս մասին են վկայում Levada Center-ի անցկացրած հարցման արդյունքները։ Գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ սոցիոլոգիական այս հարցումների, ընդհանուր առմամբ քաղաքացիների միայն 10%-ն է դրական կերպով վերաբերվում հարկադիր արտագաղթողների որոշմանը:

Ընդ որում, գրեթե նույն ցուցանիշն է գրանցվել հեռացած հայտնի անձանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքում:

Հիշեցնենք, որ ի թիվս այլոց, Ռուսաստանից հեռացել են հայտնի մեծաթիվ դերասաններ, ռեժիսորներ, գրողներ, երաժիշտներ, ստեղծագործական այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, եւ իհարկե լրագրողներ:

Բացի այդ, հարցվածների 49%-ը որոշ չափով պաշտպանում է ռուսական բյուրոկրատիայի խորքում ծնված այն նախաձեռնությունը, որի նպատակն է հեռացած եւ իշխանությունների նկատմամբ քննադատական մոտեցումներ ունեցող մարդկանց զրկել իրենց ունեցվածքից:

Տարբեր գնահատականներով՝ մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ է հեռացել Ռուսաստանից։ Նրանցից քանիսն են մտադիր վերադառնալ և երբ՝ ոչ ոք չգիտի։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինի կարծիքով, ժողովրդի մի զգալի հատվածը, որը ցանկանում է տեսնել հաղթանակ, կամ գոնե մսաղացի վերջը, չի ցանկանում ընդունել, որ Պուտինը ճակատագրական սխալ է թույլ տվել պատերազմը սկսելով: «Ուստի ճշմարտությունն այլ բանի մեջ են փնտրում, միայն թե հայելու մեջ չնայեն», ասում է նա։

«Եվ որքան ակնհայտ է անջրպետը իրականության և քարոզչությամբ ներկայացված պատկերի մեջ, այնքան «հասարակական կարծիքն ավելի կատաղի բնույթ է ստանում», ընդգծում է քաղաքագետն ու եզրակացնում, որ այդ պատճառով էլ Պուտինը շարունակում է հիստերիայի տարածումը: Իսկ նման միջավայրում մարդը հեշտությամբ է կորցնում դեմքը, նշում է Դմիտրի Օրեշկինը։

«Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ հեռացած մարդկանց վերաբերյալ բացասական վերաբերմունքը հիմնականում քարոզչության արդյունք է: Հրապարակախոս, սոցիոլոգ Իգոր Յակովենկոյի խոսքերով, հենց այստեղից է գալիս ողջ հիստերիան, իրենց խոսքերով ասած, «ծանր պահին հայրենի երկիրը լքած դավաճանների» մասին։ «Եվ հիստերիկ այս քարոզչությունն աշխատու՛մ է հօգուտ պուտինյան իշխանությունների», ասում է նա:

Քաղաքացիների կարծիքը փոխելն անգամ որեւէ կերպ չի փոխի Կրեմլի քաղաքականությունը: «Ռուսներն այսօր եթե նույնիսկ ընդդիմանային պատերազմին, Պուտինը դեռ կշարունակեր հավատարիմ մնալ իր գծին»,- ասում է վերլուծաբանը։

Հրապարակախոսին չի զարմացնում այն փաստը, որ բնակչության գրեթե կեսը պաշտպանում է արտերկիր մեկնած քաղաքացիների ունեցվածքը խլելու կոչերը։ «Այստեղ գործում են բոլշևիկների ժամանակաշրջանի տրամադրությունները՝ խլել և բաժանել, թալանել ավարը։ Սկզբունքներ, որոնք խորապես են թափանցել այս ժողովրդի հոգների մեջ»։

Այնպես որ, ուրիշի սեփականությունը խլելու գաղափարը Ռուսաստանում միշտ է արժանանում համակրանքի նրանց կողմից, որոնք կորցրել են իրենց բարոյական ուղենիշները:

Նմանատիպ նյութեր