211652_close_icon
views-count1000 դիտում article-date 23:12 16-03-2023

Քննարկվել է Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին և քննարկել են ԱԶԲ 2024–2028թթ. Հայաստանի հետ գործակցության նոր շրջանակային գործողությունների պլանը, որը նախատեսվում է մշակել ՀՀ կառավարության առաջնահերթություններին և կարիքներին համահունչ:

ԱՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը, ինչպես նաև ընդգծել համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը:

Այս ենթատեքստում ներկայացվել են դատաիրավական, հակակոռուպցիոն և հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական ուղղությունները: Քննարկվել են դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախատեսվող արբիտրաժային, հաշտարարության և սնանկության ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Հանգամանորեն ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարությունը, այդ թվում ռազմավարության հիմքում ընկած առանցքային ուղղությունները՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիայի հակազդում, հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում, հայտարարագրում, մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում:

Երկուստեք կարևորվել է ռազմավարական փաստաթղթերի մշակման և ռազմավարական կանխատեսումների ոլորտում նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացումը, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների ստեղծման, գործող հարթակների կատարելագործման հարցում, ինչպես նաև թվայնացման գործընթացի ուղղությամբ համագործակցությունը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ պրոբացիայի ծառայության կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել առավել արդյունավետ փոխգործակցության հնարավորություններ:

Նմանատիպ նյութեր