211652_close_icon
views-count18165 դիտում article-date 18:35 17-03-2023

Երևանում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս, աչաջուրցի Արկադի Մելիքբեկյանին նվիրված «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 16-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող թիվ 18 գրադարանում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս աչաջուրցի Արկադի Մելիքբեկյանին նվիրված «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդեսը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի մայրը, քույրը, հարազատները, հերոսածին մայրեր, գրադարանի տնօրինությունն ու աշխատակազմը:

Արցախյան 2020 գոյամարտի անմահ հերոս Արկադի Արսենի Մելիքբեկյանը ծնվել է 2001թ հունվարի 17-ին՝ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ 

Ընտանիքում հայրը, մայրը, իրենից մեծ և փոքր քույրերն են։ 

2007թ ընդունել է Աչաջրի Հրանտ Թամազյանի անվան միջնակարգ դպրոց և սովորել մինչև 3 րդ դասարան։ 
Այս գյուղում է անցել նրա միայն մանկությունը, սակայն հետագայում նույնպես պահպանել է կապը գյուղի, հարազատների և ընկերների հետ։

9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է հարևան գյուղ Ազատամուտ և բնակվել այնտեղ, հաճախել Ազատամուտի միջնակարգ դպրոցը: 
Նա այն երեխաներից էր, որոնք սիրում են նոր խաղեր, նոր միջավայրը, նոր մարդկանց և առհասարակ կյանքի հանդեպ համարձակ փոփոխությունները, վարքը նույնպես հաճախ փոփոխական էր, սակայն հիմնականում ակտիվ էր, անընդհատ շարժման մեջ, թեև փոքր էր, բայց հաճախ էր պատահում, երբ տան էլեկտրական կամ կենցաղային իրերն էր նորոգում, եթե անելու ոչինչ չկար փայտից իրեր էր պատրաստում։ 

Հաճախել է  բոքս, կառատե մարզաձևերին, մասնակցել մրցաշարերի, սակայն այստեղ ևս երակար չմնաց։
Միակ բանը, որ երբեք չցանկացավ փոփոխել, դա իր կեղծանունն էր՝ Ապեր, սիրում և անգամ պանջում էր իրեն այդպես դիմել, Ապեր էին անվանում տանը, դպրոցում, դրսում, անգամ բանակում։ 

Իր ակտիվ և շարժուն վարքի պատճառով 2 տարի անց, չհարմարվելով դպրոցին կրկին տեղափոխվեց այլ գյուղի դպրոց՝ Կայանի Հ. Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց և ավարտելով 12-րդ դասարանը զորակոչվել բանակ։ Թեև չէր սիրում սովորել, բայց և այնպես սիրված աշակերտ էր և՛ ուսուցիչների, և՛ դասընկերների կողմից։ Չէր սիրում սովորել, սակայն սիրում էր աշխատել։ Աշխատում էր ամեն օր, ամեն գիշեր, և միայն դպրոց էր գնում, երբ  ստուգողականների  ժամանակն էր։ Գնում էր և պատվով հանձնում աշխատանքները, ասես ինքը միշտ ներկա է եղել, իսկ իրականում շնորհիվ լավ ընկերների և ուսուցիչների, շնորհիվ այն հարգանքի և սիրո, որ ձեռք էր բերել չնայած իր փոքր տարիքի։ 

Այո, ազնիվ, ընկերասեր և աշխատասեր, ահա այն բնութագրիչները, որոնք նրա ապրած 20  տարիների ուղեկիցը եղան։
Բնավորությամբ նաև չափից ավելի խստապահանջ էր, հատկապես իգական սեռի նկատմամբ՝ մոր, քույրերի և սիրած աղջկա, ում հետ ծով երազանքներ ունեին։ Կինը պետք է քիչ խոսի, ցածր խոսի, ցածր ծիծաղի, համեստ և բարի լինի... Այս շարքը նրա համար կարծես անվերջ լիներ։ Ընկերների հանդեպ էլ ոչ ավել ոչ պակաս «մեծ» էր, հաճախ ասում էր «Մի քիչ մեծացեք», թեև ընկերներգ շատերն իրենց տարիքով մեծ էին։ Հա առանց չափազանցնելու ինքն իր տարիքից մեծ էր՝ մեծի պես մտածում և մեծի պես ապրում։

Թեև իր կայուն տեսակին, վախենում էր զինվոր լինելուց, միայն ավելի հասուն տարիքում սկսեց սիրել բանակը, անհամբեր սպասել այդ օրվան, որ կրի զինվորական համազգեստն ու զինվոր կոչվի, հաճախ էր ասում «Ես Արցախ եմ գնալու»։ Ահա մոտեցավ իր խոսքերով «իսկական տղամարդ դառնալու ժամանակը»։
Զորակոչվեց  2019թ հուլիսի 19-ին, զինվորական ծառայության անցնելով Հադրութում։ Մի քանի ամիս անց արժանացել է սերժանտի կոչմանը։ Ծառայության ժամանակ նույնպես վայել է ծառայակից ընկերների և իր բոլոր վերադասների սերն ու հարգանքը, այստեղ նա նոր կեղծանուն ուներ՝ «Իջո ապեր», բոլորը նրան այդպես գիտեին։ Նա արժանացել է խրախուսանքների և պարգևների, իսկ ամիսներ անց ստացել «ավագ սերժանտ» կոչումը։ 

Շուտով մոտեցավ չարաբաստիկ սեպտեմբերի 27-ը։

Օրեր շարունակ քաջաբար կռվելով Հադրութում հետ է մղել թշնամուն և անառիկ պահել իր դիրքերը։ Այնուհետև տեղափոխվել է Օմարի լեռներ և անտեսելով մահը հաց և անհրաժեշտ իրեր է հասցրել ընկերներին։ Իր քաջության համար ընկերները տվել են «Չախկալ» մականունը։ Տեղափոխվելով Մարտունի 2 կրկին անձնվիրաբար մարտնչել է թշնամու դեմ և նոյեմբերի 2-ին զոհվել ԱԹՍի-ի հարվածից։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր