211652_close_icon
views-count1462 դիտում article-date 12:11 23-03-2023

Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման եւ ցեղասպան քաղաքականության հիմնարար հիմնավոր ապացույց է. Փաշինյան

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց  ԼՂ գազի մատակարարման 13-րդ  անջատումով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սրան նախորդեց ԼՂ-ի էթնիկ  զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող  էթնիկ զտման եւ  ցեղասպան քաղաքականության հիմնարար հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետեւանքով  հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը եւ նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ: Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, ահա այլեւս իրականություն է: Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների  եւ անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել,  դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հայկական հինավուրց կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները եւ հարցը համարել լուծված»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ այս գործողությունները ապօրինի են եւ բացահայտ կերպով հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է՝ «ներքին տեղահանված անձինք եւ փախստականները  վերադառնում են ԼՂ հարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»;

«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորեր հայ բնակչության Թալիշ վերադառնալով, եւ ոչ թե նրանց տները  քնադելու վանդալային ակտով:

Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետեւեց ԼՂ-ից եւ

Հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից  պահանջում են ապահովել բռնագաղթած հայերի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր եւ նախկին բնակավայրեր:

Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում եւ Հայաստանի կառավարությանը  պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական ու դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների եւ շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր