211652_close_icon
views-count838 դիտում article-date 17:18 24-03-2023

ՀՀ վարչապետն ու Վրաստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական օրակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։

Վարչապետն առաքելության մեկնարկի առթիվ շնորհավորել է վրաց դիվանագետին և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կխթանի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացումը: Գոհունակություն հայտնելով Հայաստան-Վրաստան համագործակցության ընթացքից՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսական կապերի առավել ընդլայնումը և առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:

Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի առավել սերտացման:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ, անդրադարձել առևտրատնտեսական օրակարգին: Այս համատեքստում կարևորվել են գործարար շրջանակների միջև ակտիվ շփումները, փոխայցերը, ներդրումային ծրագրերում ներգրավվումը:

Հումանիտար կապերի ամրապնդման առումով նշվել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը:

Նմանատիպ նյութեր