211652_close_icon
views-count1432 դիտում article-date 10:12 25-03-2023

Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս մենք հրապարակել էինք տեղեկություն այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։ Հղում անելով մեր աղբյուրին՝ հավելել էինք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով), և այն եղել է սպասվածից չափազանց կոշտ։

«Փաստ» թերթի հետ զրույցում արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ ներկայում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը դեռևս գտնվում են հայեցակարգային առանձին ուղղությունների շրջանակներում ներկայացվող վերլուծությունները քննարկելու և Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի նախագծի մշակման փուլում: «Այսինքն՝ ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»,-ասաց Մելքումյանը:

ԱՆ մամուլի քարտուղարը նաև հավելեց. «2022 թվականի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գումարել է 13 նիստ, որից 10-ը՝ մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերն առավելապես ընթացել են ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունը հնարավորություն է ունեցել հետևելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից 2022 թվականի ընթացքում որոշումներ են կայացվել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի և գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:

2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընդունել է որոշում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նոր հանձնաժողովը ձևավորելու և անհատական կազմը հաստատելու մասին: 2023 թվականի ընթացքում խորհրդի կողմից դեռևս քննարկվել են Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման վերաբերյալ առաջարկները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր