211652_close_icon
views-count955 դիտում article-date 20:20 27-03-2023

Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում

Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում եւ հետեւողական է Չեխիայի հաջողված փորձին: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Չեխիայի Հանրապետության ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

ԱԺ-ից  հայտնում են, որ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի հարաբերությունները Չեխիայի Հանրապետության հետ հիմնված են բարեկամության եւ համերաշխության կապերի վրա:

Նրա խոսքով Հայաստանն այժմ գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացներում եւ հետեւողական է Չեխիայի հաջողված փորձին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ըստ նրա` անցած երեք տասնամյակների ընթացքում հաջողվել է զարգացնել միջպետական ջերմ հարաբերություններ ու ներկայում էլ Հայաստանը պատրաստակամ է խորացնելու փոխգործակցությունը Չեխիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում:

Սարգիս Խանդանյանի դիտարկմամբ միջխորհրդարանական համագործակցությունը բավականին ակտիվ է: Նա համոզմունք է հայտնել, որ փոխադարձ այցերը կնպաստեն երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ամրապնդմանը:

Հայաստանը կարեւորում է արդյունավետ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ԵՄ եւ բազմակողմ ձեւաչափերում, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի եւ այլ ձեւաչափերում:

Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության խորացումը` նշելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվում են մի շարք միջոցառումներ եւ փոխայցեր:

Չեխիայի ԱԳՆ եվրոպական հարցերով գլխավոր տնօրենի խոսքով խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերի խորացման համար:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում եւ  Լեռնային Ղարաբաղում, խոսել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին` ընդգծելով, որ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման  հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ գտնվում է լիակատար շրջափակման մեջ:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր