211652_close_icon
views-count1780 դիտում article-date 11:02 29-03-2023

Եթե որևէ մեկը տանում է Հայաստանը՝ որևէ այլ երկրի ծայրագավառ դարձնելու ճանապարհով, ապա դա հե՛նց Փաշինյանն է․ «Լափած մազութը» և «5-րդ շարասյունը»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կան արտահայտություններ, որոնք որոշ պատմական ժամանակահատվածում դառնում են չափազանց տարածված եւ մոդայիկ: Այդ արտահայտությունները բոլորը կրկնում են հասկանալով կամ առանց հասկանալու: Հետո դրանք մոռացվում են եւ սերունդներին անհրաժեշտություն կա բացատրելու, թե ինչ են դրանք նշանակում: Օրինակ, այսօրվա երիտասարդները դժվար թե իմանան, թե ի՞նչ է նշանակում «լափած մազութ»:

Այդ բառակապակցության հեղինակային իրավունքը պատկանում է, եթե չեմ սխալվում, Արշակ Սադոյանին: Ի դեպ, երիտասարդներին երեւի պետք է հիշեցնել նաեւ, թե ով էր Արշակ Սադոյանը. նա 1990- 2008 թվականներին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր էր: 1998 թվականի իշխանափոխությունից հետո՝ Ռոբերտ Քոչարյանն՝ իր քարոզիչների միջոցով, ձգտում էր հասարակությանը համոզել, որ ՀՀՇ-ականները մարդասպաններ են ու թալանչիներ: Ինչպես նաեւ զբաղվում էին «էներգատեռորով», այսինքն՝ մարդկանց միտումնավոր զրկում էին էլեկտրաէներգիայից՝ բնակչության վրա լուցկի, մոմեր եւ դիզվառելիք վաճառելու նպատակով: (Այդ սյուժեն, ի դեպ, տեղ է գտել Ռոբերտ Սահակյանցի «Ես էլ եմ հայ» մուլտֆիլմում): Իսկ Հայաստան ներմուծվող մազութը, որով պիտի աշխատեին կաթսայատները, իբրեւ վերավաճառում էին այլ երկրների՝ «լափում էին»:

Թեման հնչեղ էր, որովհետեւ շոշափում էր չորս տարի առանց ջեռուցման եւ լույսի ապրող մարդկանց զգացմունքները: Բայց տարիների ընթացքում այդ թեման կամաց-կամաց սպառվեց: Կա՞ն արդյոք մարդիկ, որոնք հավատում են «լափած մազութի» առասպելին: Հավանաբար՝ դեռ կան: Բայց այդ հավատն այսօր «թրենդային» չէ:

Այսօր ավելի մոդայիկ է «5-րդ շարասյան» առասպելը: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել գրելու՝ այդ բառակապակցության ծագումը հայկական չէ: Եթե, իհարկե, չենթադրենք, որ իսպանական ֆաշիստների՝ ֆրանկիստների գեներալ Էմիլիո Մոլեն հայ էր: Բայց վերջին մեկ-երկու տարիներին այդ արտահայտությունը չափազանց տարածվեց: Այն կիրառում են իշխանության քարոզիչները, որոնք համոզում են մեզ, իբր Փաշինյանի ընդդիմախոսներն իրականում պայքարում են Հայաստանի ինքնիշխանության դեմ եւ ցանկանում են մեր երկիրը դարձնել Ռուսաստանի գուբերնիա: (Մինչդեռ, եթե որեւէ մեկը տանում է Հայաստանը՝ որեւէ այլ երկրի ծայրագավառ դարձնելու ճանապարհով, ապա դա հե՛նց Փաշինյանն է): Մի խոսքով, ըստ պաշտոնական քարոզչության, եթե Հայաստանում վերացվեն «Կրեմլի գործակալները», ապա ամեն ինչ հոյակապ կլինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
 

Նմանատիպ նյութեր