211652_close_icon
views-count1135 դիտում article-date 11:31 31-03-2023

Արևմուտքի և Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այսօր Ռուսաստանը մեծ դժվարություններ ունի Արցախում եւ Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման խնդիրներում. փաստորեն, չի հաջողվում զսպել սանձերը կտրած Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ զավթողական նպատակները։ Սեպտեմբերին ադրբեջանական ներխուժման ժամանակ մեծ կորուստներ եղան, ըստ էության բացվում էր Ռուսաստանի հարավում ռազմական կոնֆլիկտի երկրորդ ճակատը, որին նա հրապարակային գնահատական չհամարձակվեց տալ` բնութագրելով որպես սահմանային բախումներ, երբ մի շարք արեւմտյան երկրներ իրերն անվանում էին իրենց անունով` Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։

Այնուամենայնիվ, մարտական գործողությունների դադարեցման խնդրում ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը մեծ դեր խաղացին՝ ցույց տալով, որ Հայաստանի հարցում փաստորեն պատրաստ են համատեղել ջանքերը Ռուսաստանի հետ։ Արեւմուտքն ակնհայտ բարեհաճություն էր ցուցաբերում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանն այս հակամարտության գոտում, Ադրբեջանի վերջին ագրեսիան դադարեցնելու համար դիմել էր նաեւ փաստացի հակամարտության մեջ գտնվող պետությանը՝ ՌԴ-ին, որպեսզի նա օգտագործի կողմերի հանդեպ իր ազդեցությունը հրադադարի ռեժիմը վերականգնելու համար։ 

Սա նորից վկայում է, որ Հայաստանի հարցում Ռուսաստանի եւ Արեւմուտքի վերաբերմունքը կարող է միասնական լինել, նույնիսկ Արեւմուտքը պատրաստ է զիջել իր նավթային շահերը եւ սկզբունքները՝ հանուն այստեղ արդար լուծման։ Ռուսաստանը իմաստուն կգործի, եթե իր տրամադրվածությունը մրցակցությունից փոխի համագործակցության։ Եթե Եվրոպայում դա չի հաջողվում, ապա այստեղ միանգամայն հնարավոր եւ արդյունավետ կարող է լինել՝ օգնելու ռազմավարական գործընկեր Հայաստանին իր գերմարդկային փորձերում՝ համախմբելու բոլոր հնարավորությունները գոյաբանական վտանգը կասեցնելու ուղղությամբ»։

Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր