211652_close_icon
views-count2263 դիտում article-date 10:36 13-04-2023

Միջազգային հանրությունը արձագանքում է հայ-ադրբեջանական բախմանը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայկական ու ադրբեջանական ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված վերջին մահացու բախման մասին հարցին: Պետքարտուղարությունը շեշտում է՝ դա խափանում է բանակցային գործընթացը:

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Միջազգային կարևոր այլ կենտրոններ ևս արձագանքել են Տեղ գյուղի մոտ արձանագրված արյունալի բախմանը: Բրյուսելը իր տարածած հաղորդագրության մեջ ափսոանք է հայտնել զինված բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են հայ-ադրբեջանական սահմանին Տեղ բնակավայրի շրջանում հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողների մահվանը։

ԵՄ-ն իր հաղորդագության մեջ շեշտվում է. «Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում կողմերից յուրաքանչյուրի ուժերը պետք է հարգեն 1991 թվականի սահմանագիծը, և դուրս բերեն ուժերը այս գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու նմանատիպ միջադեպերը:

Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռքբերվածները՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ։ ԵՄ-ը նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և մնում է պատրաստ աջակցելու այս գործընթացին։

Մենք վերահաստատում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր կոչերը։ ԵՄ-ը շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ», նշված է ԵՄ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել է, որ ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ուժերի ուղղությամբ: Իր հերթին, պաշտոնական Բաքուն պնդում է, թե «հայկական ուժերը հրաձգային զենքից ակտիվորեն գնդակոծել են հանդիպակաց ադրբեջանական դիրքերը»։ Բախման արդյուքում երկուստեք գրանցվել են զոհերև վիրավորներ: Հայկական կողմը հաղորդել է չորս զոհվածի մասին, ադրբեջանականը՝ երեք:

Իր հերթին Մոսկվան ևս արձագանքել է միջադեպին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան զինված ընդհարման մասին խոսելիս նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն հավատարիմ մնան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ համաձայնություններին։ Ըստ ռուսական կողմի՝ Բաքուն և Երևանը ընդունել են Մոսկվայի հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Հստակ միջոցառումների ժամկետներն, ըստ Զախարովայի, կհայտարարվեն վերջնականապես համաձայնեցված լինելուց հետո, նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր