211652_close_icon
views-count2506 դիտում article-date 11:01 16-04-2023

Գլխավոր դատախազն ակնհայտ անգործություն է դրսևորում և ընտրովի արդարադատություն իրականացնում․ «Առերեսում»․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դատախազությունը ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ ակնհայտ սպառնալիքների առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնել։ «Սա ատելության խոսք է, բռնության կոչ, անթույլատրելի գործողություն,- Արթուր Հովհաննիսյանի «լեզու կտրելու» եւ այլ սպառնալիքներն այսպես գնահատեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանը։

– Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի այդ հայտնի արարքը («դավաճան» վանկարկմանն ի պատասխան քաղաքացու վրա թքելը․–խմբ․), Արթուր Հովհաննիսյանի այս գործողությունը, նաեւ հիշում եք՝ ԱԺ–ում շշերով իրար էին հարվածում եւ իշխանական պատգամավորներն էլ ակտիվ դերակատարություն ունեին ու գլխավոր դատախազը․․․ (չեմ էլ ուզում խոսել նախկին գլխավոր դատախազի մասին), ներկայիս գլխավոր դատախազն ակնհայտ անգործություն է դրսեւորում այս ամենի հանդեպ։ Ինչի՞ արդարադատությունն ընտրովի՞ է լինում»։

Եվ այս համատեքստում հիշատակեց, որ ԱԺ–ն բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը․ «Իսկ ինչո՞ւ ընտրովի։ Հարգելի գլխավոր դատախազ, եթե հանցավորության դեմ եք պայքարում, ատելության խոսքի դեմ եք պայքարում, բռնության դեմ եք պայքարում, ապա պետք է հավասար մոտեցման պայմաններում պայքարել։ Ինչի՞ այդ անձանց նկատմամբ էլ միջնորդագրով չմտաք Ազգային ժողով, չփորձեցիք զրկել անձեռնմխելիությունից»։

Այդ հարցն ԱԺ–ում քննարկման ժամանակ ուղղվել էր գլխավոր դատախազին ու նա պատասխանել էր, թե կան Իրազեկ քաղաքացիների միավորման համապատասխան դիմումները, որոնցով քննություն է տարվում։ Թեւ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ավելի վաղ «ապօրինի անգործություն» էր որակել Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ միջադեպից հետո քրեական վարույթ չնախաձեռնելը։ Նրա ղեկավարած կազմակերպությունն ապրիլի 3-ին գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ ակնկալելով, որ խուլիգանության հոդվածով վարույթ կսկսվի քաղաքացու դեմքին թքելու, և պաշտոնատար անձի կողմից լիազորությունների առերեւույթ չարաշահման հոդվածով։ Բայց այս դեպքում էլ մինչ այժմ վարույթ հարուցված չէ։ Միջադեպից 4 օր անց միայն Ազգային ժողովի նախագահը ներողություն խնդրեց Հայաստանի քաղաքացիներից։ 

Տեսանյութը՝ «Առավոտի»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր