211652_close_icon
views-count34315 դիտում article-date 16:42 21-04-2023

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 23-ամյա վարորդը BMW-ով մխրճվել է Շիրակի մարզում հայտնի հովիվ Զվարթ Գաբրիելիչի գառների հոտի մեջ․ 20 գառ սատկել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Սերոբ Խ․-ն իր վարած BMW 325 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 93 կմ հատվածում մխրճվել է գառների հոտի մեջ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մոտ 20 գառ տեղում սատկել է։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արման Այվազյանը, Գրիգոր Ղազարյանը, Գարիկ Քոչարյանն ու Իշխան Ղարիբյանը, քանի որ ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, և պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել վթարներից։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են սատկած գառների ու ոչխարների տիրոջ ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ գառները պատկանում է Շիրակի մարզի գյուղերից մեկում հայտնի գառնարած Զվարթ Գաբրիելիչին։

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը։ 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր