211652_close_icon
views-count47388 դիտում article-date 20:16 26-04-2023

Խոշոր հրդեհ Երևանում․ ժամանել է հրշեջների մի քանի հաշվարկ․ հայտարարվել է ԲԻՍ 1․ բնակիչներն ասում էին․ «Եթե հրշեջները ուշանային, տները վերածվելու էին մոխրակույտի, հրդեհի մեջ մեղքի բաժին ունեն նաև Երևանի բոլոր քաղաքապետերը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիմոն Վրացյան փողոցի սեփական տներում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ, այնուհետև ժամանել են թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից։ 

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդ։ 

Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում են ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու Երևանի փրկարարական  վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության ԲԻՍ1 աստիճան։

Տեղում ուժեղացված ծառայության անցել Պարեկային Ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Նույն վաշտի պարեկներ Սայաթ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն առանց խոչընդոտի աշխատեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում մի քանի քաղաքացիների ու հրշեջների օգնություն են ցուցաբերել, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխի պատճառով նրանց ինքնազգացողությունը վատացել էր։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Դեռ չգիտենք, թե ինչից է առաջացել կրակը։ Անմիջապես ահազանգել ենք 911։ Ու եթե հրշեջ-փրկարարները ժամանակին չհասնեին, կրակը տարածվելու էր ու վայրկյանների ընթացքում էս բոլոր տները, որ կառուցված են սովետական տարիներին ու հիմնականում բաղատ են, մոխրի էին վերածվելու։ Հատուկ մեր շնորհակալանքի խոսքն ենք ուղղում հրշեջներին, ովքեր անգամ վտանգելով իրենց կյանքը, բարձրացան տանիք ու սկսեցին նախ կրակի դեմն առնել, ապա մեկուսացնել ու մարել հրդեհը։ Ամեն պահի կար վտանգ, որ առաստաղը, որ բաղդատից է, կփլվեր։

Ուզում ենք շնորհակալություն հայտնենք նաև շտապօգնության բժիշկներին, ովքեր մի քանի քաղաքացիների ու հրշեջների տեղում օգնություն ցուցաբերեցին։ Հրշեջների հետ նաև կրակի դեմ պայքարում էին բնակիչները, ահել ու ջահել։ 

Իրենց օպերատիվ աշխատանքով փայլեցին նաև պարեկները, ովքեր տեղում իրենց ծառայությամբ ապացուցեցին, որ արտակարգ իրավիճակներում լավ էլ տիրապետում են աշխատանքային կանոներին։ 

Հրշեջ-փրկարարները, բժիշկը, բժշկուհին, պարեկները իսկական սատար կանգնեցին մեզ։ Ինչը չես ասի Երևանի այն քաղաապետերին՝ սկսած Երվանդ Զախարյանից Տարոն Մարգարյանից, Հայկ Մարությանից, դե հիմի էլ չգիտենք՝ ով է․․․ Բայց նրանք ոչ մի անգամ մեր խնդրին դրական լուծում չտվեցին։ Բոլոր քաղաքապետերն էլ մեր մատից փուշ չհանեցին։ Բազմաթիվ անգամ դիմել ենք բոլոր քաղաքապետերին, որպեսզի կամ էս տները քանդեն, տեղը մեզ նոր տուն տան, կամ թողնեն՝ մենք մեր ուժերով, ինչքան հնարավոր է, գոնե վերանորոգենք։ 

Երբ նրանց ասում ենք, թե առաստաղները բաղդատ են, խոնավությունը բոլորիս հիվանդության դուռն է հասցնում, ուզում ենք գոնե պատալոկները փոխարինենք բետոնե ծածկով, մեզ սպառում էին՝ թե կգանք ձեր սարքածը կքանդենք ու խոշոր չափով կտուգանենք։ Էս չե՞ք դուք։ Դե էսքանից հետո եկեք, փորձեք գոնե՝ 1 ժամ էս պայմաններում ապրեք։ 1 րոպե չենք մնա, մակարովի գյուլի պես կթռնեք, քանի որ դուք սովոր եք տաքուկ, հարմանավետ ապրելուն։ Բայց չէ որ՝ մենք էլ ենք մարդ, մենք էլ ընտրող։ Ու ամեն անգամ ընտրություններից առաջ հավատացել ենք ձեր խոսքերին, բայց ընտրվելուց հետո պարզվել է, որ խաբվել ենք, հայտնի ու սիրված «Պեպո» ֆիլիմի նման «դիփունքդ խաբել եք մեզ»։

Այս դեպքից հետո գոնե մարդ եղեք, մեր հարցերը լուծեք։ Երջանիկ պատահականություն է, որ հրդեհը գիշերը չի եղել։ Եթե գիշերը լիներ, հնարավոր է՝ այն ողբերգական ավարտ ունենար։ Ու այդ դեպքում գալու էիք, սուտի թախծոտ հայացքով ձեր ցավակցութունները հայտնեիք ու գնայիք։

Ուզում ենք հավատանք, որ այս դեպքից հետո գոնե՝ այս տների բնակիչների խնդիրները կլուծվեն։ Հակառակ դեպքում՝ կարող ենք մտածել՝  «եղունգ ունես գլուխդ քորի»»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 493+
493+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր