211652_close_icon
views-count814 դիտում article-date 18:09 01-05-2023

Ավարտվել է Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար հանդիպումը. Ինչ արդյունք է գրանցվել

Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաեւ նշել է. «Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված  իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը:

Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.

Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.

 - Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,

- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,

 - Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա  անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները  Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:

Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը:

Նմանատիպ նյութեր